Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

2018թ.-ին երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է 11%–ով. Միշուստին (ՎԻԴԵՈ)

31.01.2020, 18:06
վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ
2018թ.-ին երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է 11%–ով. Միշուստին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./ԱՌԿԱ/. Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նորանշանակ նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: 

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ Ձեզ հետ անձամբ ծանոթանալու համար և թույլ տվեք կրկին շնորհավորել Ձեզ` Ռուսաստանի կառավարության ղեկավարի բարձր պաշտոնում նշանակվելու առիթով: Իհարկե, մեր կառավարությունների և երկրների միջև միշտ եղել և լինելու են լավ ու ջերմ հարաբերություններ, բայց ես կարծում եմ, որ մենք միշտ հնարավորություն ունենք՝ նոր մակարդակի բարձրացնելու մեր հարաբերությունները: Ձեզ հետ համագործակցությամբ մենք կարողանալու ենք դա անել: Իհարկե, մեր պետությունների միջև հարաբերությունները զարգանում են ըստ պլանավորածի՝ շատ լավ», – նշել է ՀՀ վարչապետն ավելացնելով` առևտրաշրջանառությունը 2019 թվականին մոտենում է երկու միլիարդի, որը բավական լավ ցուցանիշ է: 2020-ին այդ դինամիկան կպահպանվի: 

«Հայաստանում մեզ հաջողվել է 2019-ին կառուցել տնտեսական բավական լավ դինամիկա, այսօր արդեն հրապարակվել են թվերը. մենք 2019 թ. ունենալու ենք 8 տոկոսին մոտ տնտեսական աճ՝ նաև Ռուսաստանի Դաշնության հետ մեր համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործակցության շնորհիվ:Այնպես որ, ես հույս ունեմ, որ Ձեր գլխավորած կառավարությունը կպաշտպանի տնտեսական դինամիկան, որն այսօր կա Հայաստանում: Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում կհանդիպենք նաև Երևանում, քանի որ, ինչպես այսօր նշվեց, այս տարի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում», – նշել է ՀՀ վարչապետը: 

Միշուստինն իր հերթին նշել է, որ ջերմությամբ է հիշում իր վերջին այցը Հայաստան՝ մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումին, որը փայլուն էր կազմակերպված: 

«Ցանկանում եմ նշել, որ Ռուսաստանն ու Հայաստանը կապում են շատ սերտ և գործընկերային, դաշնակցային հարաբերությունները: Մենք համագործակցում ենք էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, մշակութային-հումանիտար ոլորտներում: ՌԴ նոր կառավարությունը տրամադրված է մեր կառուցողական հարաբերությունների, մեր հայ գործընկերների հետ շփումների շարունակմանը, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, որը համանախագահում է ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը: Դուք խոսեցիք մեր ապրանքաշրջանառության և առևտրի մասին. Ռուսաստանը Հայաստանի գլխավոր արտաքին տնտեսական գործընկերն է՝ 26 տոկոս չափաբաժնով:

Հանրապետությունում գործում են 2.2 հազար ռուսական ընկերություններ: 2018թ. երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով՝ ինչպես Դուք ասացիք, հասնելով 2 միլիարդ դոլարի: Աճը շարունակվել է նաև նախորդ տարի՝ հունվար-նոյեմբերին ավելանալով 17.6 տոկոսով», – նշել է ՌԴ վարչապետը:

Նա ընդգծել է, որ պետք է ամրապնդել այդ դրական միտումը, գտնել գործընկերության նոր ոլորտներ: Հույս ունեմ այսօր քննարկել երկկողմ հարցերի ողջ շրջանակը:    

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ենթակառուցվածքների, էներգետիկայի, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցերի: Միխայիլ Միշուստինն ընդգծել է, որ ռուսական կողմը շահագրգռված է առաջիկայում քննարկել ՏՏ ոլորտում կոնկրետ ծրագրերի իրականացման հեռանկարները: Վարչապետ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել այդ ոլորտում ևս երկկողմ համագործակցությունը զարգացումը: 

Կողմերը կարևորել են նաև հայ-ռուսական միջակառավարական հանձնաժողովի գործունեությունը` համագործակցությանը նոր թափ հաղորդելու առումով:–0–