Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ֆինանսների նախկին նախարար. Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացմանն ուղղված ՀՀ իշխանությունների վեկտորը տգիտություն է

06.10.2023, 16:18
Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացմանն ուղղված ՀՀ իշխանությունների վեկտորը տգիտություն է, կարծում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը
Ֆինանսների նախկին նախարար. Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացմանն ուղղված ՀՀ իշխանությունների վեկտորը տգիտություն է
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացմանն ուղղված ՀՀ իշխանությունների վեկտորը տգիտություն է, կարծում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

«Մենք բազմաթիվ օղակներով կախված ենք Ռուսաստանի տնտեսությունից, մենք ԵԱՏՄ անդամ ենք, էներգակիրները ստանում ենք ՌԴ–ից, մեր ազգաբնակչությունն այցելում է այնտեղ գումար աշխատելու, մասնավոր փոխանցումներ, ուղիղ ներդրումներ և այլն... Շատ հեշտ է դուռը շրխկացնել, իսկ հետևա՞նքը», – ասել է նա 24news–ին տված հարցազրույցում։

Խոսելով ազդեցության գործիքներից` Արամյանն առաջին հերթին նշել է արտահանումը։

«Հայաստանի տնտեսությունը մի քանի խողովակներով էապես ինտեգրված է Ռուսաստանի տնտեսության հետ։ Հայաստանի տնտեսական աճի առյուծի բաժինը 2022թ.–ին պայմանավորված է ռուսական տնտեսության գործոնով։ Երբ նախորդ տարի արտահանումը Հայաստանից ավելացավ մոտ 2,3մլրդ դոլարով, դրա առյուծի բաժինը` մոտ 1,5մլրդ դոլարը, բաժին է ընկել Ռուսաստան վերաարտահանմանը», – ասել է նա։

Նշելով, որ Հայաստանի ընդհանուր արտահանման շուրջ 50 տոկոսը դեպի Ռուսաստան է` տնտեսագետն ընդծել է, որ հիմնականում արտահանվում է տնտեսության գերակա ճյուղերի արտադրանքը` պատրաստի սնունդ, գյուղատնտեսական ապրանքներ։

«Մեկից մեկ է դադարեցնել այդ արտահանումը տարբե գործիքակազմերով, այդ թվում` ֆիտոսանիտարիայի գործիքակազմով, այնպես, ինչպես Եվրոպայում ժամանակին կանխում էին չինական էլեկտրոնիկայի մուտքը եվրոպական շուկա», – ասել է նա։

Նրա խոսքով, Հայաստանի վրա ազդեցության երկրորդ գործիքը ներմուծումն է։

«Մենք գիտենք, որ մեր էներգետիկ համակարգն էապես կախված է ռուսական կապիտալից, ուզենք, թե չուզենք», – ասել է նա։

Բացի այդ, Արամյանի խոսքով, օտարերկրյա ուղիղ ներդրումների մոտ 60-65%–ն ուղիղ ներդրումներն են ռուսաստանյան տնտեսությունից։

Որպես ազդեցության մեկ այլ գործիք` նա նշել է ՌԴ–ում գտնվող մեծ թվով ՀՀ քաղաքացիների գործոնը, ովքեր գումար աշխատելու նպատակով գտնվում են ՌԴ–ում, նա նշել է նաև մասնավոր փոխանցումների գծով ռիսկերը։
Խոսելով ՌԴ–ի հետ առճակատման հնարավոր հետևանքների մասին` տնտեսագետը չի բացառել, որ բանկերն ուղղակի փակեն մասնավոր տրանսֆերտների հոսքը դեպի Հայաստան։

Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են հակառուսական քաղաքականության տնտեսական հետևանքները փոխարինվել արևմտյան ֆինանսական օգնությամբ` ֆինանսների նախկին նախարարը նշել է, որ «հակված չէ փաստերը փոխարինել ենթադրություններով»։

«Եվրամիությունը ոչնչով աչքի չի ընկել, բացի խոստումներից», – ասել է նա։

Արամյանը նշել է, որ Ռուսաստանը ևս բավականին շատ սխալներ է կատարում, իրենք էլ իրենց են վնասում, բայց «հայկական կողմը պետք է ճիշտ քաղաքականություն վարի»։

«Տնտեսական առումով մենք միլիարդավոր դոլարներով կապված ենք Ռուսաստանի տնտեսության հետ։ Այդ թելը երբ կտրում ես, մնացածը խոստումներ են», – ասել է նա։

Այս կապակցությամբ Արամյանը բերել է ռուսական գազի սակագնի օրինակը, որի բարձրացման դեպքում կբարձրանան հայկական արտադրանքի ծախսային գործոնները, ինչի հետևանքով արտադրանքը կդառնա ոչ մրցունակ։

«Եվ սա ամբողջությամբ փլուզելու է մեր տնտեսական ողնաշարը», – ասել է նա։

Ռուսաստանը գլխավորում է Հայաստանի արտաքին առևտրային խոշորագույն գործընկերների եռյակը։ 8 ամսվա վերջին պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ՌԴ–ի հետ ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը 2023 թվականի հունվար-օգոստոսին հասել է 4,2 մլրդ դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 56,3 տոկոսով։ Ընդ որում, արտահանումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 2,3 մլրդ դոլար՝ 2,1 անգամ աճով, իսկ ներմուծումը` գրեթե 2 մլրդ դոլար (աճը՝ 16,1%)։

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վերջին շրջանում վատացել են։ Մասնավորապես, Հայաստանը մեղադրում է Ռուսաստանին, որ վերջինս չի կատարել պարտավորությունները 2020թ.–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության շրջանակում, իսկ Ռուսաստանը որպես ոչ բարեկամական քայլ է ընկալել ՀՀ ԱԺ–ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։–0–