ՀԲ–ն բարելավել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը 2023թ․–ին, բայց վատացրել է 2024թ․–ի կանխատեսումը
10.01.2024,
12:10
Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2023 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 7,1 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/ԱՌԿԱ/․ Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2023 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 7,1 տոկոսով։ Նման կանխատեսում է ներկայացվել ՀԲ «Համաշխարհային տնտեսական հեռանկարների» վերջին զեկույցում (Global Economic Prospects, January 2023):
Անցած հունիսին հրապարակված ուսումնասիրության մեջ Համաշխարհային բանկը կանխատեսում էր, որ 2023 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 4,4 տոկոսով։ Այսպիսով, կանխատեսումը բարելավվել է 2,7 տոկոսային կետով։
Միևնույն ժամանակ, ՀԲ-ի վերլուծաբանները ակնկալում են, որ 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 4,7% -ով (կանխատեսումը հունիսի համեմատ վատթարացել է 0,1% -ով), իսկ 2025թ․–ին՝ 4,5%–ով (նվազում 0,5 տոկոսային կետով)։
ՀԲ–ի հունվարյան կանխատեսումներ
ՀԲ զեկույցի համաձայն, 2023թ․–ի արդյունքում համաշխարհային տնտեսության աճը կկազմի 2,6%, ինչն ավելի լավ է նախորդ գնահատականի համեմատ (2,1%)։ 2024թ․–ին տնտեսության աճը կդանդաղի մինչև 2,4%, իսկ 2025թ․–ին փոքր–ինչ կվերականգնվի՝ մինչև 2,7% գնաճի նվազման և դրամավարկային քաղաքականության մեղմման ֆոնին։ Համաշխարհային բանկի գնահատմամբ, համաշխարհային տնտեսության աճը 2020–2024թթ․–ին այս տասնամյակի առաջին կիսամյակում ամենացածրն է վերջին 30 տարվա ընթացքում։
Հարավային Կովկասում 2024-2025 թվականներին կանխատեսվում է, որ աճը կմնա կայուն՝ տարեկան 3,3%-ի սահմաններում։ Միաժամանակ սպասվում է Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքի հետագա կրճատում, վերաարտահանումը և զբոսաշրջությունը կշարունակեն աջակցել տնտեսական ակտիվությանը։ «Սակայն երկարաժամկետ աճին կշարունակեն խոչընդոտել հումքային կախվածությունը, տրանսպորտային կապերի և լոգիստիկայի թուլությունը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր շարունակական աշխարհաքաղաքական լարվածությունը», - նշվում է ուսումնասիրության մեջ։
Համաշխարհային բանկը 2023 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը հոկտեմբերի 1,6 տոկոսից բարձրացրել է մինչև 2,6 տոկոս, ինչը, ըստ վերլուծաբանների, պայմանավորված է բյուջեի զգալի աջակցությամբ։ Միևնույն ժամանակ, 2024 թվականին տնտեսական աճը կդանդաղի մինչև 1,3%, իսկ 2025 թվականին՝ մինչև 0,9%։ Փորձագետները դա պայմանավորում են Կենտրոնական բանկի քաղաքականության խստացմամբ։
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի պետբյուջեում նախատեսված է 7 տոկոսի չափով։ Կենտրոնական բանկի դեկտեմբերյան կանխատեսմամբ՝ 2023 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 8,3 տոկոս։
Fitch-ը Հայաստանի տնտեսության աճը կանխատեսում է 2023 թվականին մինչև 6,1%, Moody's-ը՝ մինչև 7%, իսկ S&P-ը՝ 7,5%։ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճն այս տարի կկազմի 4,4%, ԵԱԶԲ-ն չի բացառում, որ Հայաստանի տնտեսությունը կաճի ավելի քան 7,5%, ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսության աճը գնահատում է 6,5%, իսկ ԱՄՀ-ն։ կանխատեսում է 7%-անոց տնտեսական աճ։
2024 թվականի պետական բյուջեով տնտեսության աճի ցուցանիշն ամրագրված է 7 տոկոսի մակարդակում։ ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 6,1 տոկոսով։ ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 2024 թվականին 5,7%, իսկ 2025 թվականին՝ 5,3%։-0-