ՀՀ–ում առաջին անգամ իրականացվում է խեցգետնի արդյունաբերական բուծման ծրագիր․ Էկոնոմիկայի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում առաջին անգամ իրականացվում է խեցգետնի արդյունաբերական բուծման ծրագիր, ասաց հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանը։
«Այս ծրագրի շրջանակում ՀՀ Շիրակի մարզի սահմանամերձ Ողջի գյուղում այս պահին մեկ պայմանագիր է կնքվել։ Էկոնոմիկայի նախարարությունն աշխատում է ևս 2 պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Ակնկալում ենք, որ դրանք կստորագրվեն մինչև երրորդ եռամսյակի վերջ»,- ասաց Սարգսյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
2023 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է խեցգետնի արդյունաբերական բուծման 2024-2026 թվականների ծրագիրը, որով առաջարկվում է Հայաստանում հիմնել խեցգետնի բուծման 18 ժամանակակից համալիր։
Սարգսյանի խոսքով, Մասիսում ներկայումս գործում է մեկ տնտեսվարող սուբյեկտ, որի արտադրության ծավալը կազմում է մոտ 8 տոննա։
«Խեցգետնի կոմերցիոն բուծման զարգացման ծրագրով պետական աջակցության չափը կկազմի 50 տոկոս։ Նախատեսվում է կառուցել խեցգետնի բուծման փոքր, միջին և մեծ համալիրներ։ 72 մլն դրամ կհատկացվի 4 փոքր համալիրների կառուցման համար,129 միլիոն դրամ՝ միջին և 183 միլիոն դրամ՝ խոշոր համալիրի կառուցման համար։ Արդյունավետ իրականացման պայմաններում ակնկալում ենք տարեկան 54 տոննա խեցգետնի արտադրություն»,- նշեց Սարգսյանը։