ՀՀ-ում արդյունաբերական մասշտաբի ամենամեծ՝ 200 ՄԳՎ հզորությամբ արևային էներգիայի ծրագրի իրականացման համար տրամադրվել է 174 մլն. դոլար․ԱՆԻՖ-ի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի խոշոր նախագծերից մեկը Հայաստանում արդյունաբերական մասշտաբի ամենամեծ՝ 200 մեգավատ հզորությամբ արևային էներգիայի ծրագրի իրականացման համար 174 միլիոն դոլարի ներդրումն է։
Այս մասին այսօր հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը:
«Հաղթողը միջազգային համբավ ունեցող «Մասդար» ընկերությունն է Աբու Դաբիից, որը վերականգնվող էներգետիկայի գծով մի քանի առաջատար ընկերություններից է աշխարհում։ Մեր մասնակցությունը այստեղ 15% է։ Ծրագիրը կարևոր է ամեն առումով՝ թե´ նման խոշոր ներդրող ու միջազգային ճանաչված ընկերություն Հայաստան բերելու, թե´ Հայաստանը որպես նման գործընկեր ունեցող ներդրումային ուղղության ներկայացնելու առումով: Նշեմ, որ կայանները էլեկտրաէներգիա կսկսեն վաճառել մոտավորապես 2024 թ.-ի վերջերին»,- ասաց Փափազյանը։
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենը կարևոր համարեց այն, որ այս ծրագրով Հայաստանը մեծ քայլ է անում ժամանակակից աշխարհում կարևորություն ձեռք բերող ոլորտում՝ վերականգնվող էներգետիկայում նման մասշտաբային ծրագիր անելու ուղղությամբ:
Փափազյանն ասաց նաև, որ ԱՆԻՖ-ը այլ ծրագրերում ևս պոտենցիալ ներդրողների հետ քննարկումների մեջ է, և դրանք հենց այն գործընթացներն են, որոնց արդյունքների մասին հանրությունը կիմանա դրանց նյութականացումից հետո։
«Անցնելով մեր երկրորդ մանդատին՝ կապիտալի ներդրմանը, նշեմ, որ մեկ տարվա ընթացքում ԱՆԻՖ-ի թիմը հետազոտել է 200-ից ավելի հայտ «Ձեռնարկատեր+պետություն. հակաճգնաժամային ներդրումներ» հիմնադրամի շրջանակներում, որոնցից յոթը հաստատվել են, մեկը հաստատվելուց հետո չեղարկվել է»,- ընդգծեց Փափազյանը:
Նրա խոսքով՝ ԱՆԻՖ-ի բոլոր ծրագրերն ուղղված են շահագրգիռ կողմերին օգուտ տալուն, տնտեսական, սոցիալական և բնապահպանական կայունությանը, ինչպես նաև կարևորում են համապատասխան չափանիշների պահպանումը:
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ՝ ԱՆԻՖ) ստեղծվել է օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու նպատակով։
Նոյեմբերի 26-ին «Այգ- 1» ծրագիրն իրականացնող Մասդար ընկերության կողմից ներկայացվել է անվերապահ, անվերադարձ և ըստ պահանջի Բանկի կատարողականի երաշխիքը՝ համաձայն ՀՀ կառավարության և Մասդարի միջև նույն օրը ստորագրված Կառավարության աջակցության պայմանագրի
«Այգ–1» ծրագրի մասին
ՀՀ կառավարության հոկտեմբերի 28-ի նիստում որոշվել է «Այգ-1» ծրագրի շրջանակում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով ՀՀ սեփականությունը հանդիսացող՝ 377.4 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը ներդնել ԱՆԻՖ-ի կանոնադրական կապիտալում։
Նշենք, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված «Այգ–1» ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի Դաշտադեմ և Թալին համայնքների տարածքում կառուցել 200 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայան:
Ծրագիրը վերահաստատում է կառավարության հանձնառությունն՝ ուղղված վերականգվող էներգետիկայի զարգացմանը, ըստ որի նախատեսվում է կառուցել մինչև 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավարները՝ նպատակ ունենալով մինչև 2030թ․ արևային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15 տոկոսի:
«Այգ-1» ծրագիրն իրականացնում է Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության և «ԱՆԻՖ»-ի կողմից ստեղծված համատեղ ընկերությունը։ «Մասդար» ընկերությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում միջազգային առաջատար ընկերություններից մեկն է։-0-