Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում կա գնաճային սպասումների հետ կապված որոշ անորոշություն.ԿԲ նախագահ

04.08.2021, 13:26
Ինչպես նշեց Գալստյանը,ԿԲ խորհուրդը կարծում է, որ տնտեսական հեռանկարների մասով պահպանվող անորոշության պայմաններում կանխատեսվող միջնաժամկետ վեկտորից գնաճի շեղումները հավասարակշիռ են
Հայաստանում կա գնաճային սպասումների հետ կապված որոշ անորոշություն.ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանում կա որոշ անորոշություն, որը կապված է գնաճային սպասումների հետ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Մենք կարծում ենք, որ հետընտրական շրջանում համեմատաբար կայունությունը դրական է ազդել տնտեսության վրա, սակայն տեսնում ենք, որ կա որոշակի անորոշություն, որը կապված է գնաճային սպասումների հետ։ Տնային տնտեսությունների մոտ դեռևս պահպանվում է որոշակի անորոշություն` գնաճի հետ կապված։ Որոշակի ազդեցություն է նկատվում նաև միջադեպերի կապակցությամբ (հայ–ադրբեջանական, խմբգր.) սահմանին», – ասաց նա երեքշաբթի ասուլիսի ժամանակ։

Ինչպես նշեց Գալստյանը,ԿԲ խորհուրդը կարծում է, որ տնտեսական հեռանկարների մասով պահպանվող անորոշության պայմաններում կանխատեսվող միջնաժամկետ վեկտորից գնաճի շեղումները հավասարակշիռ են։

«Կարգավորիչը պատրաստ է դրանց դրսևորման պայմաններում ադեկվատ կերպով արձագանքել` ապահովելով գների կայունության նպատակի իրականացումը», – ընդգծեց նա։

ԿԲ մակրոտնտեսական դեպարտապետնի տնօրեն Արմեն Նուրբեկյանն իր հերթին հայտարարեց, որ լուրջ անորոշություն է պահպանվում նաև արտաքին հատվածում, ինչը կապված է կորոնավիրուսային ճգնաժամի վերջնական լուծման հետ, և դա ընդհանուր ֆոնով ազդում է աշխարհի երկրների տնտեսությունների վրա։

«Մասնավորապես, ապրանքահումքային շուկաներում կան լուրջ հարցեր` կապված այն բանի հետ, թե որքան ժամանակ են պահպանվելու գնաճային սպասումները և որքան արագ կվերականգնվի տնտեսությունների աճը», – նշեց նա։

ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով` սահմանելով 7%։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը 2021թ.–ի հունիսին, 2020թ.–ի հունիսի համեմատ, կազմել է 6,5%։ Միաժամանակ հունիսին, մայիսի համեմատ, գրանցվել է 0,8%–անոց գնանկում։ 2021թ.–ի հունվար–հունիսին, 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, գները բարձրացել են 5,7%–ով։

Եվրասիական զարգացման բանկի կանխատեսմամբ, Հայաստանում գնաճը 2021թ.–ի արդյունքում կկազմի 5,4%, իսկ 2022թ.–ին`3,5%։–0–