Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանը «Հոլանդական հիվանդության» առաջին փուլում է. փորձագետը զգուշացնում է ռիսկերի մասին և կոչ է անում «ամեն գնով արժեզրկել դրամը»

02.11.2022, 13:03
Հոլանդական հիվանդություն» տերմինը ձևավորվել է 1959 թվականին Հոլանդիայում գազի մեծ պաշարներ հայտնաբերելուց հետո
Հայաստանը «Հոլանդական հիվանդության» առաջին փուլում է. փորձագետը զգուշացնում է ռիսկերի մասին և կոչ է անում «ամեն գնով արժեզրկել դրամը»
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանը «Հոլանդական հիվանդության» առաջին փուլում է, կարծում է «Մանթաշյանց» գործարարների միության ղեկավար Վահրամ Միրաքյանը։

«Հոլանդական հիվանդություն» տերմինը ձևավորվել է 1959 թվականին Հոլանդիայում գազի մեծ պաշարներ հայտնաբերելուց հետո: Գազի պաշարների հայտնաբերումից հետո Հոլանդիան սկսեց ակտիվ գազ արտահանել: Թվում էր, թե հրաշալի բան է շատ արտահանելը: Բայց դրա արդյունքում սկսեց ամրանալ հոլանդական ազգային արժույթը (ոնց որ հիմա Հայաստանում) ազգային արժույթի ամրացմանը զուգահեռ հոլանդական ապրանքներն ու ծառայությունները սկսեցին միջազգային շուկայում կորցնել իրենց մրցունակությունն ու աստիճանաբար բացի գազից, մնացած արտահանվող հոլանդական ապրանքները կորցրեցին իրենց դիրքերը արտահանման շուկաներում», – գրում է նա Facebook–յան իր էջում։

Միրաքյանը հիշեցնում է, որ սկզբնական շրջանում ամեն ինչ լավ էր, տնտեսությունն աճում էր, գրեթե բոլորը (բացի այլ ապրանքներ արտահանողներից) երջանիկ էին: Սակայն ժամանակի ընթացքում փակվեցին բազմաթիվ ընկերություններ, դատարկվեցին բազմաթիվ արտահանող ոլորտներ: Արդյունքում Հոլանդիան արտահանող երկրից դարձավ ներկրող երկրի, աճեց գործազրկությունը և այլ բացասական հետևանքներ ունեցավ:

«Հայաստանում գազ չեն հայտնաբերել, բայց իրավիճակը շատ մոտ է: Էստեղ էլ սկսել է մեծ քանակի արտարժույթ մտնել երկիր, ինչի արդյունքում դրամը սկսել է արժևորվել, իր հետ բերելով «հոլանդական հիվանդության» բոլոր արդյունքները՝ պրոդուկտ կամ ծառայություն արտահանող ընկերությունների վնասներ, ավելի փոքր ու թույլ ընկերությունների փակում և այլն: Դրա փոխարեն աճում են ՀՈՌԵԿԱ ոլորտն (հյուրանոցային–ռեստորանային բիզնեսը, խմբգր.) ու բանկերը», – նշում է նա։

Փորձագետի խոսքով, հիմա վերևներում ասում են ոչինչ, գյուղացին էլ խաղող չի աճեցնի, դրա փոխարեն կգնա ռեստորանում կամ բանկում սպասարկող կաշխատի, քանի որ Հայաստանի գինին այլևս միջազգային շուկաներում մրցունակ չի, հետևաբար խաղողի մթերման կարիք էլ չկա:

«Հիմա ԿԲ-ն ու Ֆինանսների նախարարությունն ասում են ոչինչ, թող ազգային արժույթն ամուր լինի, կարևորը ինֆլացիայի տոկոսը ցածր լինի, որ իշխանությունների դեմ զանգվածային բողոքներ չլինեն: Հիմա ԿԲ-ն ասում է ոչինչ որ փակվում են փոքր արտահանող կամ փոքր ծրագրավորման ընկերությունները, կարևորը տնտեսությունն աճում է», – գրում է նա։

Ինչպես նշում է Միրաքյանը, բայց ապագայում, դոլարի անկումն ու դրամի արժևորորմը բերելու են տնտեսության կոլափսի: Արդեն պրոցեսը սկսվել է, բազմաթիվ ՏՏ ընկերություններ դադարեցրել են իրենց զարգացման պրոյեկտները, բազմաթիվ արտահանող ընկերություններ սառեցրել են իրենց արտահանումները, բազմաթիվ ներդրումային պրոյեկտներ կանգնեցվել են դրանց թանկանալու պատճառով և այլն:
Ի՞նչ անել: Արժեզրկել դրամն ամեն գնով», – եզրափակել է նա։

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախնական տվյալներով, 2022թ.–ի հունվար–սեպտեմբերին, 2021թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 14,1%–ով։ Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը 2022թ.–ի սեպտեմբերին, 2021թ.–ի սեպտեմբերի համեմատ, կազմել է 9,9%։

Հայաստանի ազգային արժույթը մի քանի ամիս շարունակ գրանցում է ամրապնդման կայուն միտում։ Fitch Ratings–ի վերլուծաբանների տվյալներով, այս տարվա փետրվար–հուլիսին դրամը, դոլարի նկատմամբ, ամրապնդվել է 16%–ով, ինչը որոշ աստիճանով զսպում է գների աճը` հաշվի առնելով շատ բարձր կախվածությունը պարենի ներկրումից։ Ընթացիկ փոխարժեքը կազմում է 1 դոլարի դիմաց 395,19 դրամ։–0–