Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

«Հնարավոր է՝ կեղծված է»․ հայկական կարգավորիչը մեկնաբանել է Վլադիկավկազում Ջերմուկի թունավորման մասին տեղեկատվությունը

13.02.2024, 16:55
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պաշտոնապես տեղեկատվություն չունի Վլադիկավկազում «Ջերմուկ» հանքային ջրի թունավորման դեպքի մասին
«Հնարավոր է՝ կեղծված է»․ հայկական կարգավորիչը մեկնաբանել է Վլադիկավկազում Ջերմուկի թունավորման  մասին տեղեկատվությունը
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պաշտոնապես տեղեկատվություն չունի Վլադիկավկազում «Ջերմուկ» հանքային ջրի թունավորման դեպքի մասին։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վլադիկավկազում տղամարդը կերակրափողի այրվածք է ստացել «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջուր խմելուց հետո, շշի մեջ քացախ է եղել։ Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարությունը, դատախազությունը և Ռոսպոտրեբնադզորը զբաղվում են այդ հարցով, ձեռնարկատերերին խորհուրդ է տրվում դադարեցնել այս հանքային ջրի վաճառքը։

 Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, ՌԴ համապատասխան կառույցից (Ռոսպոտրեբնազդոր) պաշտոնապես այդ մասին ոչինչ չեն ասել: Նա հույս է հայտնել, որ ռուսական կողմը կհստակեցնի:
Հարությունյանն ընդգծել է, որ հոսքագծով՝ կոնվեերով, շշալցման դեպքում չի կարող մեկ շշում այլ հեղուկ լցվել:

«Հնարավոր է՝ կեղծված է, տեղում են լցրել՝ Ջերմուկի անվան տակ: Ամեն դեպքում՝ սպասենք հստակեցմանը», – նշել է նա։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է այս ապրանքանիշի հանքային ջրի մի քանի խմբաքանակների վաճառքը՝ անվտանգությունը ստուգելու համար։ Խոսքը, մասնավորապես, «Ջերմուկի» մասին է, որը շշալցված է 0,5 լիտր ծավալով ապակե տարաներում և ներմուծվել է Ռուսաստանի Դաշնության տարածք 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում, 28.12.2023 արտադրության ժամկետով։

Իրականացվում են առգրավված արտադրանքի նմուշների ստուգման աշխատանքներ և լաբորատոր հետազոտություններ, լրացուցիչ ծանուցումներ են ուղարկվել այն ընկերությունների անձնական հաշիվներին, որոնց հաշվեկշռում նշված են այդ ապրանքները։-0-