Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

ԿԶԵՀ–ը ներկայացրել է նոր Բնապահպանական և սոցիալական քաղաքականության նախագիծ

05.06.2024, 13:58
ԿԶԵՀ–ը ներկայացրել է նոր Բնապահպանական և սոցիալական քաղաքականության նախագիծը բազմակողմ ֆինանսական ինստիտուտների հանդիպմանը
ԿԶԵՀ–ը ներկայացրել է նոր Բնապահպանական և սոցիալական քաղաքականության նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/ԱՌԿԱ/․ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) մշակել է Բնապահպանական և սոցիալական քաղաքականության (ԲՍՔ) և դրա իրականացման գործառնական ընթացակարգերի նախագծեր: Փաստաթղթերը ներկայացվել են Բնապահպանական և սոցիալական ստանդարտների բազմակողմ ֆինանսական ինստիտուտների աշխատանքային խմբի նիստի ժամանակ:

Միջոցառումը, որին մասնակցել են ավելի քան 20 միջազգային ֆինանսական կազմակերպությունների և զարգացման գործակալությունների ներկայացուցիչներ, անցկացվել է Մանիլայում (Ֆիլիպիններ) Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից:

Նախկինում ԿԶԵՀ-ի Բնապահպանական և սոցիալական քաղաքականության նախագիծը դրական գնահատական ​​էր ստացել Համաշխարհային բանկի, Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի և միջազգային փորձագետների կողմից:

ԿԶԵՀ–ը մեծ ուշադրություն է դարձնում բնապահպանական և սոցիալական պատասխանատվության սկզբունքների պահպանմանը` օգտագործելով մոտեցումներ և պահանջներ, որոնք համապատասխանում են լավագույն միջազգային չափանիշներին և սահմանված են մշակվող ԲՍՔ–ում։

Այս փաստաթուղթը ներառում է նախագծերի իրականացման 10 բնապահպանական և սոցիալական չափանիշներ։

Չափանիշները սահմանում են պահանջներ կենսաբազմազանության պահպանման, շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման, բնակչության առողջության և անվտանգության պահպանման, աշխատանքի անվտանգության ապահովման, տեղեկատվության ամբողջական բացահայտման, մշակութային ժառանգության պահպանման և այլնի համար։

Բացի այդ, Հիմնադրամը սահմանել է գործունեության և նախագծերի տեսակների ցանկ, որոնք չեն կարող ֆինանսավորվել։ Դրանք գործունեություն և նախագծեր են, որոնք հակասում են օրենսդրությանը կամ միջազգային պայմանագրերով, կոնվենցիաներով և համաձայնագրերով նախատեսված միջոցների ստացողի պարտավորություններին: ԿԶԵՀ-ն, օրինակ, չի ֆինանսավորում նախագծեր, որոնց իրականացման ժամանակ օգտագործվում է հարկադիր և երեխաների կողմից կատարվող աշխատանք, խաղային բիզնեսի ոլորտի նախագծեր, ինչպես նաև զենք–զինամթերքի առևտուր նախատեսող նախագծեր, ալկոհոլային խմիչքների առևտրի ոլորտի նախագծեր։

 «ԿԶԵՀ-ի մշակած բնապահպանական և սոցիալական քաղաքականությունը համապատասխանում է ամենաառաջադեմ համաշխարհային մոտեցումներին և ներդաշնակեցված է այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների բնապահպանական և սոցիալական երաշխիքների քաղաքականության հետ, ինչը հեշտացնում է նախագծերի համատեղ ֆինանսավորումը: Կարևոր է նշել, որ ամեն տարի մենք մեր երկրներում տեսնում ենք բնապահպանական և սոցիալական ոլորտներում պահանջներին հետևելու անհրաժեշտության աճող ըմբռնում, ինչը թույլ է տալիս հարգել ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների շահերը», - նշել է ԿԶԵՀ–ի ռազմավարական պլանավորման, քաղաքականության և ստանդարտների վարչություն պետ Օլգա Սոսնինան:

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) ավելի քան 9 միլիարդ ԱՄՆ դոլար ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է, որը հիմնադրվել է 2009 թվականին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղըզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կողմից։ ԿԶԵՀ-ի նպատակներն են նպաստել Հիմնադրամի անդամ պետություններում տնտեսական և ֆինանսական կայունությանը, ինչպես նաև աջակցել նրանց կայուն զարգացմանը: