Փաշինյան. Standard&Poors-ի վարկանշման արդյունքում Հայաստանի ընկերությունները ավելի էժան վարկեր կստանան. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ Standard&Poors վարկանշային գործակալության կողմից առաջին անգամ ՀՀ կառավարությանը վարկանիշ շնորհելու իրադարձությունն ունի ռազմավարական նշանակություն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փոխվարչապետը կառավարության նիստի սկզբում նշել է, որ սա իրադարձություն է, որը նպաստում է թե ներքին, թե արտաքին կապիտալի շուկայի ներքին ձևավորմանը:
«Սա շատ կարևոր է մեզ համար», - ասել է փոխվարչապետը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ վերջին տարիներին իրենք երկու անգամ եվրոբոնդերի թողարկում են իրականացրել ու երկու անգամ էլ տոկոսների պատմական մինիմում է արձանագրվել:
«Միջազգային ներդրողները վստահեցին Հայաստանի կարողությանը, արդյունքում ճիշտ դուրս եկան: Պետք է մասնավոր հատվածի հետ շատ ինտենսիվ աշխատել, որ ընկերությունները դուրս գան կապիտալի շուկա: Սա կմեծացնի վարկերի մատչելիությունը, որովհետև բանկերն էլ ստիպված կլինեն, եթե շուկայում կա այլընտրանք, ուղղակի տոկոսադրույքային քաղաքականության ավելի ճկուն քաղաքականություն վարեն, ինչը նոր արյուն կարող է ներարկել մեր տնտեսության մեջ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հերթին հավելել է, որ ռեյտինգավորումն օգնում է նաև ներքին շուկայում գործընթացների ակտիվացմանը:
«Նույնիսկ Կենտրոնական բանկը որոշ պահուստային նորմատիվների համար ունի արտոնություններ այն ընկերությունների համար, որոնք ունեն ռեյտինգավորում»,- ասել է նա:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր հերթին նշել է, որ այս վարկանիշի ստացումը նվազեցնում է մասնավոր ընկերությունների ծախսը:
«Այս առումով, կարծում եմ, պետությունն իր կողմից անհրաժեշտ քայլն արել է, երևի պետք է հորդորել մասնավոր ընկերություններին, որ բաց, թափանցիկ ու հաշվետվողական լինեն, որ կարողանան ներգարվեն միջոցներ ու ծավալեն իրենց գործունեությունը», - ասել է ԿԲ նախագահը:
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ կառավարությունը պետք է աշխատի այն պոտենցիալ ընկերությունների հետ, որոնք կարող են վարկանշավորվել:
«Մենք պետք է խնդիր դնենք մեր առաջ, որ 2022-2023 թվականներին ամեն ինչ անենք, որ ի հայտ գան նման ընկերություններ», - ասել է վարչապետը:
Նշենք, որ 2021 թ. հոկտեմբերի 12-ին Standard&Poors վարկանշային կազմակերպությունն առաջին անգամ վարկանշել է Հայաստանի կառավարությանը և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով։ Բացի երկարաժամկետ պարտավորությունների թողարկման վարկանիշից, Standard&Poors-ը շնորհել է նաև արտարժույթով և ազգային արժույթով կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման «B» մակարդակի վարկանիշ, ինչպես նաև որոշել է փոխանցման և փոխարկելիության երկրի գնահատականը. այն սահմանվել է «BB-»: Վերջինս մեկ մակարդակով բարձր է երկրի սուվերեն վարկանիշից, որի շնորհիվ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները Standard&Poors-ի կողմից վարկանշվելու դեպքում կարող են ստանալ երկրի սուվերեն (B+) վարկանիշից մեկ մակարդակ բարձր՝ (BB-) վարկանիշ:–0–