Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Փաշինյանն ու Օվերչուկը կարևորել են առևտրատնտեսական և ներդրումային փոխգործակցության զարգացումը (ՎԻԴԵՈ)

22.12.2021, 15:04
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին. ՎԻԴԵՈ
Փաշինյանն ու Օվերչուկը կարևորել են առևտրատնտեսական և ներդրումային փոխգործակցության զարգացումը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

ՌԴ փոխվարչապետի գլխավորած միջգերատեսչական պատվիրակությունը Երևանում է՝ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում: 

Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի 20-րդ նիստի անցկացումը և հաջող ընթացք մաղթել հանձնաժողովի աշխատանքներին: 

ՌԴ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ այս տարվա ընթացքում երկկողմ շփումները բավական ինտենսիվ են եղել. Հայաստան են այցելել մի շարք գործարար առաքելություններ, ռուսաստանյան բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք մեծապես հետաքրքրված են աշխատել Հայաստանում: 

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին, տնտեսական կապերին վերաբերող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են 2021թ. երկկողմ առևտրաշրջանառության ծավալներին և գոհունակությամբ նշել այդ ուղղությամբ աճի արձանագրումը: Երկուստեք կարևորվել է առևտրատնտեսական և ներդրումային փոխգործակցության զարգացման, ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ համալիր ջանքերի գործադրումը: 

Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարների և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուրջ:-0-