Քերոբյան. «Այնպես ենք աշխատում, որպեսզի չհրահրենք պատժամիջոցների տարածում»
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./ԱՌԿԱ/. Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է, այդ պատճառով երկրի ազգային շահերից է բխում պաշտպանել փոխադարձ առևտուրը, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ելնելով այս ամենից` մենք բացատրում ենք մեր արտասահմանյան գործընկերներին, որ պարզապես չունենք այլ հնարավորություն։ Մտավախություններ կան, հենց այդ պատճառով այնպես ենք աշխատում, որպեսզի չհրահրենք պատժամիջոցների տարածում», – ասել է նա «Կոմերսանտին» տված հարցազրույցում` պատասխանելով այն հարցին, թե ընկերություններն ու բանկերը մտավախություն ունե՞ն , որ նրանց վրա կարող են տարածվել երկրորդային պատժամիջոցները ռուս կոնտրագենտների հետ փոխգործակցելիս։
Նշելով, որ Իրանը ևս գտնվում է պատժամիջոցների տակ` Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանը տասնամյակներ շարունակ չի կարողանում ամբողջ հզորությամբ աշխատել տեղական ընկերությունների հետ։ «Նման երկրորդ իրավիճակ մեզ համար պարզապես անհնար է», – ասել է նա։
Նախարարի խոսքով, կան բազմաթիվ ընկերություններ, որոնք մատակարարում են արտադրանք, որը պատժամիջոցների տակ չէ։
«Մեր օրենսդրությունն ու հարկային միջավայրն ամբողջությամբ թույլ են տալիս իրականացնել նման գործարքներ։ Միաժամանակ մենք մանրամասն հետևում ենք, որպեսզի բոլոր գործարքները լինեն իրական, խոսքը նույնիսկ կոնտրաֆակտի մասին չէ, այլ այն բանի, որ դրանք չմնան միայն թղթի վրա։ Եթե ընկերությունը տնտեսական հետաքրքրություն ունի Հայաստանում, նա կարող է բացել հաշիվներ, ներկրել և արտահանել։ Ես ընդհանրապես որևէ խնդիր չեմ տեսնում այն հարցում, որ Հայաստանում իրականացվում է ԵԱՏՄ տարածքից ներկրվող ապրանքների մաքսազերծում, բայց կարևոր է, որպեսզի այդ ապրանքները չլինեն պատժամիջոցների տակ», – ընդգծել է նա։–0–