ՏՄՊՊՀ-ն արձագանքել է հեղուկ գազի գների բարձրացմանը

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/ԱՌԿԱ/ ․ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձագանքել է հեղուկ գազի գների բարձրացմանը։
Հայ օգտերերը վերջին մի քանի օրում արձանագրել են հեղուկ գազի գների կտրուկ բարձրացում։ Նշենք, որ այն լայնորեն օգտագործվում է ավտոմեքենաների լիցքավորման համար։ Մասնավորապես, մեկ շաբաթ առաջ հեղուկ գազի 1 լիտրն արժեր մոտ 180-200 դրամ, իսկ հիմա այն արժե մոտ 260-280 դրամ։
Ինչպես նշել է ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը, հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: Այնուամենայնիվ, Հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ է իրականացրել հեղուկ գազի գների բարձրացման վերաբերյալ:
«Հայտնում ենք, որ այն (բարձրացումը, խմբգր․) պայմանավորված է հեղուկ գազի համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով, մասնավորապես համավարակով պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև սեզոնայնությամբ, որը նպաստել է պահանջարկի մեծացմանը», - գրել է Սմբատյանը Facebook-յան իր էջում:
ՄՊՀ աշխատակիցները բանավոր զրույցներ են ունեցել նաև հեղուկ գազ ներկրող ընկերությունների հետ, նրանք փաստում են, որ մասնավորապես բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Սմբատյանը նաև տեղեկացրել է, որ հուլիսի 22-ի դրությամբ Ռուսատանի Դաշնությունում հեղուկ գազի մանրածախ գինը կազմում է 185- 220 դրամ, Վրաստանում՝ 220-250 դրամ, Թուրքիայում՝ 275 դրամ, Ֆրանսիայում՝ 500 դրամ, Ուկրաինիայում՝ 288 դրամ, Պակիստանում՝ 660 դրամ (Պակիստանում և Աֆղանստանում կա հեղուկ գազի մեծ պահանջարկ, նույնիսկ բարձր գների առկայության պայմաններում):
Նա հիշեցրել է, որ ոլորտում գործունեություն են ծավալում ավելի քան 50 տնտեսվարող սուբյեկտ, որտեղ, ըստ նախնական ուսումնասիրությունների, չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ուստի նշված ընկերությունները չեն կարող որոշիչ ազդեցություն ունենալ վերոգրյալ ոլորտի ընդհանուր պայմանների, այդ թվում՝ գների վրա:-0-