Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Վեց ամսով երկարաձգվել է ցեմենտի ներմուծման արգելքը

28.11.2024, 16:17
Իրականացված քայլերի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար
Վեց ամսով երկարաձգվել է ցեմենտի ներմուծման արգելքը

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունն ընդունել է «ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» որոշում՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ պայմանավորված: 

Որոշման ընդունումը կնպաստի տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության և ցեմենտի տեղական շուկայում հավասար մրցակցության ապահովմանը: 

Ըստ հիմնավորման՝ ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվել ցեմենտի ներմուծման վրա: 

Իրականացված քայլերի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար: 

Մասնավորապես՝ 2023 թ. Հայաստանում արտադրվել է 1.14 մլն տոննա ցեմենտ, ինչը 13.1 %-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: 2023 թ. աճել է նաև կլինկերի ներմուծումը՝ կազմելով 125.2 հազ. տ. (աճը՝ 19.2 %), ինչպես նաև աճ է արձանագրվել ցեմենտի ներմուծման վիճակագրությունում, որը կազմել է շուրջ 270 հազար տոննա: 

Այսպիսով, ցեմենտի ներմուծման աճը փաստում է, որ առաջարկվող կարգավորումները չեն խոչընդոտում ցեմենտի ներմուծման գործընթացին, այլ ապահովում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը՝ տեղական ցեմենտ արտադրող, ներմուծվող կլինկերից տեղում ցեմենտ արտադրող և երրորդ երկրներից ցեմենտ ներմուծող տնտեսավարողների միջև մրցակցության շնորհիվ։