Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ԱՄՀ–ն ակնկալում է, որ Հայաստանի իրական ՀՆԱ-ի անկումը 2020 թ.–ին կգերազանցի 7%–ը

20.11.2020, 18:14
Հայաստանի տնտեսությանը ծանր հարված են հասցրել ԿՈՎԻԴ-19-ի համավարակը և 1990-ականների սկզբից ի վեր տեղի ունեցած վատթարագույն մարտական գործողությունները
ԱՄՀ–ն ակնկալում է, որ Հայաստանի իրական ՀՆԱ-ի անկումը 2020 թ.–ին կգերազանցի 7%–ը

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՀ–ն ակնկալում է, որ Հայաստանի իրական ՀՆԱ-ի անկումը 2020 թվականին կգերազանցի 7 տոկոսը։ Այս մասին ասվում է ԱՄՀ-ի Ստենդ-բայ մեխանիզմով աջակցվող ծրագրի շրջանակում իրականացվող երրորդ հերթական ստուգման ամփոփման մեջ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Հայաստանի տնտեսությանը ծանր հարված են հասցրել ԿՈՎԻԴ-19-ի համավարակը և 1990-ականների սկզբից ի վեր տեղի ունեցած վատթարագույն մարտական գործողությունները։ 

«Ակնկալվում է, որ Հայաստանի տնտեսությունը 2020 թվականին կկրճատվի։ Նշված շոկերը տարբեր առումներով խաթարել են ներքին պահանջարկը և առաջարկը, և դրանց հետևանքներն էլ ավելի են խորացել՝ արտահանումից և զբոսաշրջությունից ստացվող եկամուտների, դրամական փոխանցումների կտրուկ անկման, որոշ չափով նաև՝ կապիտալի զուտ ներհոսքի անկման պատճառով։ Ակնկալվում է, որ իրական ՀՆԱ-ի անկումը 2020 թվականին կգերազանցի 7 տոկոսը», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԱՄՀ–ից նաև նշում են, որ վերականգնման մասով անորոշության մակարդակը բարձր է, և ակնկալվում է, որ տնտեսական աճի չափավոր տեմպը կպահպանվի 2021 թվականի ընթացքում, որից հետո այն կարագանա՝ երբ տնտեսությունն աստիճանաբար կհարմարվի նշված շոկերին և տնտեսության մեջ դրանց թողած հետքևանքներին, ապա նաև՝ կհաղթահարի դրանք։

«Միջնաժամկետ հատվածում գնաճը պիտի աստիճանաբար ավելանա և մոտենա թիրախին», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԱՄՀ–ի գնահատմամբ, կարճաժամկետ հատվածում տնտեսական աճի նվազման ուղղությամբ ռիսկերը՝ կապված արտաքին զարգացումների, տնտեսական և քաղաքական միջավայրում առկա անորոշության, տարածաշրջանային լարվածության աճի և համավարակի ծանրության և տևողության հետ, հակակշռվում են հնարավոր այնպիսի դրական զարգացումներով, ինչպիսին կարող են լինել համավարակից հետո վերականգնման ավելի արագ տեմպը, տնտեսության մեջ համավարակի թողած հետևանքների նվազեցումը և բարեփոխումների սպասվածից ավելի արագ իրագործումը։

«Մոտ ապագայում հիմնական գերակայություններից է լինելու հասարակության ամենախոցելի խմբերին աջակցության ցուցաբերումը՝ միևնույն ժամանակ ապահովելով ԿՈՎԻԴ-19-ի երկրորդ ալիքին հանրային առողջապահության համակարգի համարժեք արձագանքը։ Երբ վերականգնումը թափ հավաքի, հույժ կարևոր կլինի աստիճանաբար դադարեցնել ժամանակավոր աջակցության մնացյալ միջոցառումները», – նշվում է հաղորդագրության մեջ։

2021թ.–ի բյուջեում տնտեսական աճը նախատեսվում է 3,2%–ի սահմանում, գնաճն ամրագրված է 4%-ի սահմանում (±1,5%) ($1 – 500,82 դրամ)։–0–