Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալը 2021թ.-ի արդյունքում, հնարավոր է, հասնի 215 հազար տոննայի. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը 2021 թ․ դեկտեմբերի 14-ի դրությամբ կազմել է առավել քան 200 հազար տոննա, ինչը 38,5%-ով ավելի է, քան 2020 թ․ ամբողջ տարվա և 41,3%-ով ավելի, քան 2019 թ․ ողջ ծավալը: Այս մասին նշվում է Էկոնոմիկայի նախարարության Facebook-յան էջում:
Երկրից ամենից շատն արտահանվել է կարտոֆիլ՝ 48 541 տոննա, ինչը ևս գերազանցում է 2020թ.-ի (9 798 տոննա) և 2019թ.-ի (39 տոննա) ցուցանիշները:
Հաշվետու ժամանակահատվածում արտահանվել է 35 168 տոննա ծիրան: Այս ցուցանիշը ևս ավելացել է՝ 2020թ.-ի (19 714 տոննա) և 2019թ.-ի (31 409 տոննա) համեմատ:
Արտահանման ծավալով առաջատարների եռյակում է նաև լոլիկը: Ցուցանիշը դեկտեմբերի կեսի դրությամբ կազմում է 34 961 տոննա և գերազանցում է 2020թ.-ի (28 844 տոննա) և 2019թ.-ի (29 912 տոննա) արտահանման ծավալները:
Ինչպես նշեց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ակնկալվում է, որ 2021 թվականի արտահանման ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 210-215 հազար տոննա։
Հաղորդվու մէ, որ լոլիկի արտահանման ցուցանիշների աճի վրա ազդել է ջերմոցային տնտեսությունների ավելացումը:
Արտահանման ծավալների վրա շարունակում են որոշ ազդեցություն ունենալ լոգիստիկ խնդիրները, այդ պատճառով մի շարք ապրանքներով մասով գրանցվել է արտահանման ծավալների անկում: