Рейтинг@Mail.ru
USD
398.94
EUR
410.95
RUB
3.8929
GEL
140.52
2025 թ. հունվարի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Երկաթուղու համար 2025-ին նախատեսված է 231 մլն դրամ, որը Հարավկովկասյան երկաթուղու նախորդ տարվա առաջացած վնասի 30%-ի փոխհատուցումն է. Սանոսյան

04.11.2024, 20:49
Սանոսյանը ներկայացրել է նախարարության 2025 թ ծրագրերն ու դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցները
Երկաթուղու համար 2025-ին նախատեսված է 231 մլն դրամ, որը Հարավկովկասյան երկաթուղու նախորդ տարվա առաջացած վնասի 30%-ի փոխհատուցումն է. Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ին հրավիրված համատեղ նիստում ներկայացրել է նախարարության 2025 թվականի ծրագրերն ու դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցները, հայտնում են Ազգային ժողովից։

Եկող տարի նախարարությունն իրականացնելու է 20 ծրագիր եւ 113 միջոցառում, որի համար նախատեսված է հատկացնել 356,3 մլրդ դրամ: Ծախսային մասով նախատեսված է 289,1 մլրդ դրամ: Տրանսպորտի ոլորտին կհատկացվի 98 մլրդ դրամ, էներգետիկ ոլորտին` 74 մլրդ, ջրային ոլորտին` 42,2 մլրդ, տարածքային կառավարման ոլորտին` 154,6 մլրդ դրամ:

Նախարարի խոսքով տրանսպորտի ոլորտին ուղղված միջոցների հիմնական մասը՝ 97,2 մլրդ դրամը, հատկացված է ճանապարհային ցանցի բարելավմանը: 84,2 մլրդ դրամը նախատեսված է կապիտալ բնույթի աշխատանքների համար:

Մասնավորապես 2025 թվականին Հյուսիս-հարավ ճանապարհի տարբեր հատվածներում շինարարություն սկսելու ու շարունակելու համար նախատեսված է 26,4 մլրդ դրամ: «Կշարունակենք ու կավարտենք Աշտարակ-Թալին 8 կմ եւ 34 կմ հատվածները: Ավարտական փուլում է նաեւ Լանջիկից Գյումրի հատվածը, կշարունակվի Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարությունը»,- նշել է Գնել Սանոսյանը:

2025 թվականին ճանապարհների հիմնանորոգման համար նախատեսված է շուրջ 51 մլրդ դրամ, իսկ 2,5 մլրդ դրամ էլ նախատեսված է 15 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգումների կամ նորոգումների համար:

Եկող տարի ավիացիոն ոլորտին նախատեսված է հատկացնել 578 մլն դրամ, որը հիմնականում Քաղավիացիայի պահպանման ու վերապատրաստման ծախսերն է:

Երկաթուղու համար 2025 թվականին նախատեսված է 231 մլն դրամ, որը Հարավկովկասյան երկաթուղու նախորդ տարվա առաջացած վնասի 30 տոկոսի փոխհատուցումն է:

Էներգետիկ ոլորտի հատկացումները կկազմեն 74 մլրդ դրամ, որից 70 մլրդ դրամը կապիտալ բնույթի ծախսերն են: Խոշոր ծրագիրն էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիրն է, որին էլ ուղղված է հատկացման հիմնական մասը:

Պետական գույքի կառավարման ոլորտում գույքի իրացումից մուտքեր նախատեսվում է 15 մլրդ դրամի չափով, իսկ 2,5 մլրդ դրամի չափով նախատեսված է կոմիտեի եւ ենթակա մարմինների պահպանման, հաշվառման ու այլ ծառայությունների համար:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են Լուռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետեւանքով ճանապարհների վիճակին, Հյուսիս-հարավ ճանապարհի ավարտին, քաղավիացիայի աշխատանքներին, ատոմակայանին, ճանապարհների վերանորոգմանը, հիմնանորոգմանն ու սպասարկմանը: