ԵՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն առաջին կիսամյակում նվազել է 21,9%–ով` հասնելով 695,4մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի և Եվրոպական Միության միջև ապրանքաշրջանառությունը 2020թ.–ի առաջին կիսամյակում, 2019թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 21,9%–ով։
Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալները։
Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում փոխադարձ ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 695,4մլն դոլար, այն դեպքում, երբ 2019թ.–ին ցուցանիշը կազմել է մոտ 890,4 մլն դոլար։
Միաժամանակ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ընդհանուր անկման ֆոնին կրճատվելէ նաև ԵՄ–ի հետ ապրանքաշրջանառության տեսակարար կշիռը։ Եթե 2019թ.–ին ԵՄ–ի մասնաբաժինը կազմում էր ընդհանուր ապրանքաշրջանառության 21,1%–ը, ապա 2020թ.–ին այդ ցուցանիշը նվազել է 2,5%–ով` հասնելով 18,6%–ի։
ԵՄ–ում Հայաստանի խոշորագույն գործընկերը շարունակում է մնալ Գերմանիան, չնայած ծավալների զգալի կրճատմանը։ Այսպես, 2020թ.–ի առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը Գերմանիայի հետ կազմել է 134,3մլն դոլար, ինչը 33,3% –ով պակաս է 2020թ.–ի նույն ժամանակահատվածից։
Սլովակիայի (31,6%), Ֆինլանդիայի (13,6%), Չեխիայի (5,4%) և Իսպանիայի (3,2%) հետ գրանցվել է ապրանքաշրջանառության աճ հաշվետու ժամանակահատվածում։
Ամենամեծ անկումը գրանցվել է Դանիայի հետ. ապրանքաշրջանառության ծավալը նվազել է`6,9մլն դոլարից հասնելով 2,8մլն դոլարի, այսինքն անկումը կազմել է 60,5%։
Հայաստանում արտաքին ապրանքաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2020թ.–ի հունվար–հունիսին կազմել է մոտ 3,739մլրդ դոլար, ինչը 11,3%–ով ցածր է 2019թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։–0–