Կառավարությունը պետական բյուջեից 268.5 միլիոն դրամ կտրամադրի մարզպետարանների սուբվենցիոն ծրագրերի համար
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը համաֆինանսավորմամբ պետական բյուջեից 268.5 միլիոն դրամ կտրամադրի մարզպետարանների սուբվենցիոն ծրագրերի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասել է, որ գումարը հատկացվելու է 18 բնակավայրերի 20 սուբվենցիոն ծրագրերի համար:
«2022 թվականի հունվարից սկսած մենք արդեն 229 ծրագրի համար 5.6 միլիարդ դրամ տրամադրել էինք և ևս 20 ծրագրի համար այսօր ենք տրամադրում: Ընդհանուր այս տարի հունիսի 17-ի դրությամբ 249 ծրագիր ավարտում ենք և 5.9 միլիարդ դրամ հատկացնում ենք այս աշխատանքների համար», – ասել է նա՝ հավելելով, որ Արարատի մարզում իրականացվել է 3 ծրագիր՝ 54 միլիոն դրամի հատկացմամբ, Արմավիրի մարզում՝ 6 ծրագիր՝ 81 միլիոն դրամի շրջանակներում, Գեղարքունիքում ` 5 ծրագիր ՝158 միլիոնով, Կոտայքում` 2 ծրագիր՝ 202 միլիոն դրամով, Լոռու մարզում` 2 ծրագիր՝ 35 միլիոն դրամով, Շիրակում՝ 1 ծրագիր՝ 4.6 միլիոնով, Սյունիքում` 1 ծրագիր՝ 53 միլիոն դրամ հատկացմամբ:
Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախորդ շաբաթ Արարատի մարզ այցի ընթացքում նկատել է, որ ծավալուն աշխատանքներ են իրականացվում:
«Այն, ինչ տեսանք, շատ ուրախալի էր, աշխատանքները պատշաճ որակով են իրականացվում: Դրական տպավորություններով և լիցքերով ենք վերադարձել Արարատի մարզից և պլանավորում ենք բոլոր մարզեր նման այցեր կատարել»,-ընդգծել է վարչապետը՝ կարևորելով սուբվենցիոն ծրագրերով կաթիլային ոռոգման համար անհրաժեշտ ավազանների կառուցումը, որը շատ կարևոր տեխնոլոգիական համակարգ է:–0–