Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի կառավարությունը հաստատել է հայ–վրացական սահմանի ՀԱԿ–ի արդիականացման` 2.6 մլն եվրո արժողության ծրագիրը

27.02.2014, 16:20
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատել է հայ–վրացական սահմանի Բագրատաշեն և Սադախլո հատվածներում 2.6 մլն եվրո ընդհանուր արժողության ՀԱԿ–երի արդիականացման ծրագիրը։
Հայաստանի կառավարությունը հաստատել է հայ–վրացական սահմանի ՀԱԿ–ի արդիականացման` 2.6 մլն եվրո արժողության ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատել է հայ–վրացական սահմանի Բագրատաշեն և Սադախլո հատվածներում 2.6 մլն եվրո ընդհանուր արժողության ՀԱԿ–երի արդիականացման ծրագիրը։

«Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 2.6 մլն եվրո, կառավարության բաժնեմասը` 434.5 հազար եվրո է (մնացած գումարը կտրամադրեն միջազգային ֆինանսական կառույցները)»,– ասաց Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը։

Ծրագրի գլխավոր նպատակն է ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ, որոնք ուղղված են միջազգային առևտրի և տարանցիկ փոխադրումների խթանմանը, մարդկանց միջսահմանային շարժի ակտիվացմանը:       

Նշված միջոցներից, Խաչատրյանի խոսքով, սահմանային ծառայությունների ներուժի զարգացմանը կծախսվի 381 հազար եվրո, ենթակառուցվածքների վրա` 150 հազար եվրո, սարքավորումներին` 1.855 մլն եվրո։ Մնացած ծախսերը կկազմեն 210.5 հազար եվրո։

«Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2015 թվականի հունիսին»,– ասաց նա։

Ծրագրի նպատակը Բագրատաշեն, Բավրա, Գոգավան սահմանակետերի արդիականացումն է, դրանց համապատասխանեցումը սահմանների համալիր կառավարման միջազգային չափանիշներին։ Ծրագիրը նախատեսում է նորոգման աշխատանքներ և սահմանային անցակետերի վերազինում` Համաշխարհային առևտրային կազմակերպության չափանիշներին համապատասխան, սահմանային անվտանգության, հայ–վրացական սահմանով մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման դյուրացման նպատակով։

Եվրոպական ներդրումային բանկը (European Investment Bank – EIB)  և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, համապատասխանաբար, 30.316 մլն եվրոյի և 10.294 մլն եվրոյի վարկային միջոցներ են հատկացրել` հայ–վրացական սահմանին երեք սահմանակետերի արդիականացման ծրագրի իրականացման նպատակով։

Ծրագրի իրականացմանը, բացի EIB–ի և ՎԶԵԲ–ից, միջոցներ կտրամադրի նաև ԵՄ Հարևանության ներդրումային հիմնադրամը (NIF) (12 մլն եվրոյի դրամաշնորհ), իսկ եվրոպական կառույցներն ու ՄԱԿ–ի ԶԾ–ն կտրամադրեն ավելի քան 4 մլն եվրոյի դրամաշնորհ։ --0--