Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ջրբաշյանը նշել է 3 ոլորտները, որոնք առավել շատ են ազդել Հայաստանի ՀՆԱ–ի 5,71%–անոց անկման վրա

29.08.2020, 15:02
Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ամենից շատ ազդել է տնտեսության երեք ոլորտների վրա
Ջրբաշյանը նշել է 3 ոլորտները, որոնք առավել շատ են ազդել Հայաստանի ՀՆԱ–ի 5,71%–անոց անկման վրա

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ամենից շատ ազդել է տնտեսության երեք ոլորտների վրա։ Այս մասին նախօրեին լրագրողների հետ զրույցում նշեց «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն, տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը։

Նա նշեց, որ վեց ամսվա ընթացքում ՀՆԱ–ի անկումն ընդհանուր առմամբ կազմել է 5,71%, սակայն ծախսերի գծով տիրող իրավիճկը ցույց է տալիս, որ համավարակն ամենից շատ ազդել է շինարարության ոլորտի վրա։ Եվ 1,5 տոկոսային կետով նվազումը հիմնականում պայմանավորված է հենց այս ոլորտում գրանցված անկմամբ։

«Երկրորդ ոլորտը մեծածախ և մանրածախ առևտուրն է։ Երրորդը նույնպես կապված է շինարարության հետ, դա անշարժ գույքի հետ կապված գործարքներն են։ Բոլոր այս երեք ոլորտները գեներացնում են 3,5% ՀՆԱ–ի ընդհանուր անկման մեջ (5,71%)», – ասաց Ջրբաշյանը։

Նրա խոսքով, տուրիզմի և նրա հետ կապված ծառայությունների ոլորտում կա լուրջ անկում, և դրա ազդեցությունը կլինի ավելի երկարատև (ՀՆԱ–ի 0,77%–ը առաջին կիսամյակում հանրային սննդի և կացության մասով)։

Սակայն, ինչպես նշեց տնտեսագետը, կա շեշտադրումների հարց։

«Այստեղ կա նրբություն. մենք ընդունում էինք 1,5 մլն զբոսաշրջիկ, սակայն մոտավորապես նույնքան էին նաև ներքին զբոսաշրջիկները։ Հնարավոր է`որոշ ընկերություններ միկրոմակարդակում տուժել են, բայց մակրոմակարդակում խնդիրներ չկան, և մարզերը, հակառակը, շահել են և ստացել մեծ մուլտիպլիկատիվ արդյունք ստեղծված իրավիճակից», – ասաց Ջրբաշյանը։

Նա ընդգծեց, որ ճգնաժամն ազդել է բոլոր ոլորտների վրա, գրեթե ամենուր գրանցվել են բացասական ցուցանիշներ։ Չնայած, նրա խոսքով, արտադրության մասով կան հետաքրքիր ցուցանիշներ և ֆենոմեն, որտեղ ներկրման նվազման հաշվին մեղմվել է անկումը, սակայն այստեղ նաև պետք է հաշվի առնել այն փաստը, որ 2019թ.–ին գրանցվել են ավտոմեքենաների ներկրման ֆենոմենալ ծավալներ։

«Հաշվի առնելով շինարարության ոլորտի և անշարժ գույքի շուկայի անկումը` հիմնական խնդիրն ու պետության խնդիրը կապիտալ ծախսերի ավելացումն է, ակնհայտ է, որ դրանք պետք է փոխարինեն մասնավոր հատվածում գրանցված անկմանը», – ասաց նա։

Տնտեսագետի խոսքով, երկրորդ կարևոր խնդիրը ստեղծված իրավիճակում ավելի ակտիվ դրամավարկային քաղաքականություն վարելու անհրաժեշտությունն է։

«Իրականում խայտառակ իրավիճակ է, երկիրը գտնվում է ճգնաժամում, իսկ սպառողական գների աճը գտնվում է շատ ցածր`զրոյին մոտ մակարդակում, այն դեպքում, երբ դրամավարկային քաղաքականությունը պետք է լինի ընդլայնվող», – ասաց Ջրբաշյանը։

Նա նաև նշեց, որ դեռևս չկան գյուղատնտեսական ոլորտի ցուցանիշները, սակայն արտադրական ցիկլն այստեղ շատ ավելի երկար է։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական արտադրանքին, ապա, նրա խոսքով, հարկավոր է մաքսիմալ արդյունավետ օգտագործել ունեցած ներուժը, քանի որ այսօր առաջարկվող վարկերի ու սուբսիդավորումների արդյունքը կերևա  2–3 տարի անց, և հետևաբար ոլորտում կտրուկ դրական աճ այս տարի չարժե ակնկալել։

Նա նշեց, որ ՀՆԱ–ի ագրարային ոլորտի ցուցանիշները տարեկան կտրվածքում լրջորեն տարբերվում են. առաջին եռամսյակում մոտ 8,5%–ի ազդեցություն ՀՆԱ–ի ձևավորման վրա, իսկ երկրորդ կիսամյակում կազմում է մոտ 15,2%։

«Հետևաբար, չարժե հույսը դնել ոլորտի վրա, որ նա կդառնա փրկօղակ ՀՆԱ–ի ոչ այնքան ուժեղ անկում ապահովելու համար», – ասաց Ջրբաշյանը։

Նրա խոսքով, շատ ավելի կարևոր է, որպեսզի չլինի անկում, և նախորդ տարվա ցուցանիշները պահպանվեն, իսկ արտադրանքը մաքսիմալ չափերով գնվի։

«Աջակցության տարբեր ծրագրերի իրականացմանն ուղղված կառավարության բոլոր քայլերը կարելի է միայն խրախուսել, սակայն դրանք իրենց արդյունավետությունը ցույց կտան ավելի երկարաժամկետ կտրվածքում։ Կառավարությունն ուշացումով, բայց ընդհանուր առմամբ ճիշտ որոշումներ է կայացրել, ինչը թույլ տվեց պահպանել ավելի ցածր անկում։ Սակայն խնդիրը նաև այն է, որ չկան հակաճգնաժամային կառավարման ինստիտուցիոնալ լուծումներ, որոնք անհրաժեշտ է մշակել և ներդնել, քանի որ ամբողջ աշխարհում ճգնաժամերի թիվը կարող է ավելանալ, և մենք պետք է ունենանք տարբեր ռիսկերի գնահատականներ։ Երկիրը պետք է հեշտությամբ անցում կատարի սովորական կառավարումից ճգնաժամային կառավարման», – ասաց Ջրբաշյանը։–0–