Рейтинг@Mail.ru
USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 7, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+34

ԿԸՀ-ին 463 մլն դրամ հատկացված էր որպես կապիտալ ծախս՝ 2024 թ, որը նախատեսված չի մյուս տարի. Հովհաննիսյան

30.10.2024, 11:13
Ազգային ժողովը շարունակում է քննարկել 2025 թվականի բյուջեն

ԿԸՀ-ին 463 մլն դրամ հատկացված էր որպես կապիտալ ծախս՝ 2024 թ, որը նախատեսված չի մյուս տարի. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր Ազգային ժողովը շարունակում է քննարկել 2025 թվականի բյուջեն։

ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, թե ինչով է պայմանավորված ԿԸՀ-ի՝ 50%-ով ֆինանսավորման նվազումը։

Նախարարն արձագանքեց.

«Խնդիրը նրանում է, որ 463 մլն դրամ ԿԸՀ-ին հատկացված էր որպես կապիտալ ծախս՝ 2024 թվականին, որը նախատեսված չի 2025 թվականին, և այս նվազումը ոչ թե ընթացիկ ծախսերի մասով է, այլ՝ կապիտալ։ Ընթացիկ ծախսերի մասով նվազումը կկազմի 5,5%»- ասաց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Բագրատյանի՝ Ազգային ժողովին 191 մլն դրամ պակաս ֆինանսավորվելու հարցին, Հովհաննիսյանը նշեց, որ հաշվի առնելով ֆիսկալ շրջանակի սահմանափակումները, ընդհանուր մոտեցում էր ցուցաբերված՝ ընդհանուր ապարատը օպտիմիզացնելու, ծախսերը կրճատելու ուղղությամբ։

«Որոշ դեպքերում մենք ունենք ոչ ապարատային ծախսեր, օրինակ՝ կրթության ոլորտում ուսուցիչների աշխատավարձ և այլն։ Այստեղ ապարատի կրճատումը նկատելի չի լինում։ Կան մարմիններ, ովքեր միայն ապարատային միջոցառումներ են իրականացնում, նույնն էլ, համարյա, վարչապետի աշխատակազմն է»,-պարզաբանեց Հովհաննիսյանը։

Բագրատյանը, խոսելով կառավարման համակարգի ֆինանսավորման մասին, մեջբերեց տիրոջ և ավանակի հայտնի պատմությունը։

«Այն պատմության պես չլինի, էլի, տերն ավանակին չի կերակրում, հետո ասում է՝ ավանակը կարող է անվճար ապրել, կերակրելու իմաստը որն է, բայց երրորդ օրն ավանակը սատկում է։ Այսինքն կառավարման համակարգում չկիրառել մեթոդներ, որտեղ կառավարմանը վնաս կլինի, թերֆինանսավորումը վաղը բերի շատ ավելի մեծ ֆինանսավորման կարիք։ Մենք մտածենք՝ այսօր խնայում ենք, բայց պարզվի վաղն այդ խնայողություը եռակի թանկ է նստում մեզ վրա։ Կադրերի հոսունության խնդիր ունենանք. պրոֆեսիոնալները, որոնք այլևս պետական համակարգը գրավիչ չեն համարում, եղած կադրերն էլ տեղափոխվեն մասնավոր սեկտոր և մենք իսկապես ունենանք շատ ավել վատ արդյունք»,-ասաց Բագրատյանը։

Նախարարը նշեց, որ լիովին հասկանում է ասված տրամաբանությունը, սակայն հարցն այլ է։

«Հարցը հետևյալն է. մենք վստա՞հ ենք, որ այն, ինչ անում ենք, դա ամենաարդյունավետն է, վստա՞հ ենք, որ մենք հասել ենք ամենաօպտիմալ կետին, որից հետո օպտիմիզացիայի խնդիր չենք կարող մեր առաջ դնել։ Այս պրոցեսը պետք է շարունակական լինի՝ միջոցների ավելացման և օպտիմիզացիայի ուղղությամբ»,-եզրափակեց Հովհաննիսյանը։