Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի տնտեսական ակտիվությունը 4 ամսում գրանցել է 9,4%–ի աճ, իսկ ապրիլին տարվա կտրվածքով ` 8,8%–ի աճ

25.05.2022, 15:52
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցիչը, նախնական տվյալներով, 2022թ.–ի հունվար–ապրիլին գրանցել է 9,4% –ի աճ` 2021թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ
Հայաստանի տնտեսական ակտիվությունը 4 ամսում գրանցել է 9,4%–ի աճ, իսկ ապրիլին տարվա կտրվածքով ` 8,8%–ի աճ

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցիչը, նախնական տվյալներով, 2022թ.–ի հունվար–ապրիլին գրանցել է 9,4% –ի աճ` 2021թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։

Միաժամանակ 2022թ.–ի ապրիլին, 2021թ.–ի ապրիլի համեմատ, աճը կազմել է 8,8%, իսկ 2022թ.–ի մարտի համեմատ` 5,3%։

Ներկայացված տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին չորս ամսում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը կազմել է 754 688.5 մլն դրամ` 2021թ.––ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2,6%–ով։ Միաժամանակ 2022թ.–ի ապրիլին, 2021թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցիչն ավելացել է 1,2%–ով, իսկ ապրիլին, 2022թ.–ի մարտի համեմատ, 11,7%–ով։

Շինարարության ծավալը 2022թ.–ի հունվար–ապրիլին, 2021թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 9%–ով և կազմել 81 256,3 մլն դրամ։ Միաժամանակ, 2021թ.–ի ապրիլի համեմատ, այս տարվա ապրիլին ոլորտի աճը կազմել է 15,6%, իսկ 2022թ.–ի մարտի համեմատ` 8,5%։

Վիճակագրական տվյալների համաձայն, ներքին առևտրաշրջանառությունը 2022թ.–ի հունվար–ապրիլին կազմել է 1 086 599,3 մլն դրամ (7,8%–ի աճ)։ Միաժամանակ ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, ցուցանիշն ավելացել է 8,6%–ով, իսկ 2022թ.–ի մարտի համեմատ` 1,7%–ով։

Միաժամանակ ծառայությունների ոլորտի ծավալը (առանց առևտրի) 2022թ.–ի հունվար–ապրիլին կազմել է 698 178.7 մլն դրամ, ինչը 23,5%–ով ավել է 2021թ.–ի առաջին չորս ամսվա ցուցանիշից։ 2022թ.–ի ապրիլին, 2021թ.–ի ապրիլի համեմատ, ցուցանիշն ավելացել է 27,1%–ով, իսկ 2022թ.–ի մարտի համեմատ` 2,1%–ով։

Գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքի ցուցանիշները ներկայացված չեն։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի ՀՆԱ–ի վերաբերյալ

Հայաստանի տնտեսական աճը 2022թ–ի պետբյուջեում նախատեսված է 7% չափով, գնաճն ամրագրված է 4%–ի մակարդակում (±1,5%)։ Կառավարությունը կանխատեսում է, որ երկրի տնտեսությունը 2022թ.–ին կաճի 7%–ով։

ԱՄՀ–ն այս տարվա մարտին վատացրել է Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ իր դեկտեմբերյան կանխատեսումը (5,5%)` մինչև 1,5%։

ԱԶԲ–ն «Ասիայի զարգացման հեռանկարները» ապրիլյան զեկույցում կանխատեսել է Հայաստանի տնտեսության աճի դանդաղում` մինչև 2,8% 2022թ.–ին, իսկ հետո, տնտեսական ցնցումների ազդեցության թուլացման պայմաններում` վերականգնում` մինչև 3,8% 2023թ.–ին։

ՎԶԵԲ–ը մարտին վատացրել է Հայաստանի տնտեսության աճի 2022թ.–ի կանխատեսումը` 5,3%–ից (2021թ.–ի նոյեմբերին) մինչև 1,6%։ Միաժամանակ 2023թ.–ին կանխատեսվում է, որ Հայաստանի տնտեսությունը կաճի 4%–ով։

Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը մարտին կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի հետ կապված իր կանխատեսումը` նախկին 5,3%–ից մինչև 1,3%։–0–