Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանի պետական բուհերի շուրջ 800 ուսանող ուսման վարձի փոխհատուցում կստանա

11.03.2014, 19:16
Հայաստանի պետական բուհերի բակալավրիատի առկա ուսուցման բաժինների 780 առաջին կուրսեցիներին կտրամադրվի ուսման վարձի փոխհատուցում, հաղորդում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի պետական բուհերի շուրջ 800 ուսանող ուսման վարձի փոխհատուցում կստանա
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական բուհերի բակալավրիատի առկա ուսուցման բաժինների 780 առաջին կուրսեցիներին կտրամադրվի ուսման վարձի փոխհատուցում, հաղորդում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատում սովորող 1-ին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների ուսման վարձի փոխհատուցման մրցույթ է հայտարարել, որի հայտերի ընդունումն ավարտվել էր փետրվարի 10–ին։ Ուսանողների ընտրությունն իրականացվել է որոշակի չափորոշիչների հիման վրա, մասնավորապես, հաշվի են առնվել ուսանողների առաջադիմությունը, սոցիալական անապահովությունն ու հասարակական ակտիվությունը։ Մրցույթի անցկացման համար Հայաստանի կառավարությունը տրամադրել էր 60 մլն դրամ։ Այս նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ևս ֆինանսական միջոցներ էր տրամադրել։

Ուսման վարձի փոխհատուցման հավաստագրի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի Երևանի բժշկական համալսարանի դահլիճում` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ, ով անձամբ է հանձնել հավաստագրերը մրցույթի որոշ հաղթողներին։

«Ամեն անգամ ձեզ հանդիպելիս մի փոքր հուզվում եմ, որովհետև հիշում եմ իմ ուսանողական տարիները: Իհարկե, այսպիսի մթնոլորտը լիցքավորվելու և նոր էներգիայով լցվելու բացառիկ հնարավորություն է: Մենք ինչ էլ անենք ձեզ համար՝ միևնույն է քիչ է, դուք արժանի եք ավելիին: Կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն էլ այն է, որ դուք ձեզ երջանիկ զգաք մեր հայրենիքում և ձեր ապագան կապեք հայրենիքի հետ», – ասել է վարչապետը։

Սարգսյանը նաև նշել է, որ ծրագիրը լինելու է շարունակական, քանի որ այն նաև ուսանողության ինքնակազմակերպման լավ ձև է։

Այս տարի, ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 1500 ուսանող։ Դիմել են Հայաստանի գրեթե բոլոր պետական բուհերից, այդ թվում մարզերում գործող և միջպետական բարձրագույն ուսումնական հաստատություններից ($1 – 414,90 դրամ)։ -0-