Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

Երևանցիների ավելի քան 88 տոկոսը դեմ է կենսաթոշակային բարեփոխմանը. Gallup IА–ը Հայաստանում

25.03.2014, 15:57
Երևանի հարցված բնակիչների ավելի քան 88 տոկոսը չի աջակցում Հայաստանում ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, լրագրողներին տեղեկացրել է Հայաստանում Gallup International Association գրասենյակի ղեկավար Գայանե Դաջունցը։

Երևանցիների ավելի քան 88 տոկոսը դեմ է կենսաթոշակային բարեփոխմանը. Gallup IА–ը Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի հարցված բնակիչների ավելի քան 88 տոկոսը չի աջակցում Հայաստանում ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, լրագրողներին տեղեկացրել է Հայաստանում Gallup International Association գրասենյակի ղեկավար Գայանե Դաջունցը։

Հարցումն անցկացվել է Gallup International Association–ի հայկական գրասենյակի կողմից Երևանի 1066 չափահաս բնակիչների շրջանում 2014 թ.–ի փետրվարի 13–28–ը։ Հարցման տվյալների թույլատրելի անճշտությունը կազմում է ± 3%։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։

«Հարկ է նշել, որ հարցվածների 93 տոկոսը դրական է պատասխանել «լսե՞լ եք, արդյոք, կենսաթոշակային բարեփոխման մասին» հարցին, հարցվածների 7 տոկոսը բացասական պատասխան է տվել։ Միաժամանակ կենսաթոշակային բարեփոխման մասին իրազեկվածների 88,7 տոկոսը չի աջակցում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, բարեփոխմանը «կողմ» է արտահայտվել հարցվածների 6,5 տոկոսը», – ասել է Դաջունցը։

Նրա խոսքերով` հարցվածների 86,9 տոկոսը, ովքեր «դեմ» են արտահայտվել կենսաթոշակային բարեփոխմանը, 18–40 տարեկան տարիքային խմբում են, 90,5 տոկոսը 41 տարեկան և բարձր են։ Հատկանշական է, որ հարցվածների 88,8 տոկոսը, ովքեր չեն աջակցում բարեփոխմանը, գործազուրկ են։

Ինչպես հաղորդում է Դաջունցը, հարցվածների 34,3 տոկոսը չի աջակցում բարեփոխմանը, քանի որ նրանք չունեն կուտակված խնայողությունների վերադարձի երաշխիք, 32,9 տոկոսը չեն վստահում կառավարությանը, 27,3 տոկոսն իր դիրքորոշումը բացատրում է նրանով, որ աշխատավարձի 5 տոկոսի փոխանցումը չափազանց մեծ գումար են համարում։ 18,8 տոկոսն իր դիրքորոշումը հիմնավորեց նրանով, որ չեն վստահում կենսաթոշակային ֆոնդերին, 18,4 տոկոսը «դեմ» են արտահայտվել համակարգի պարտադիր բաղադրիչին, 17,6 տոկոսն ընդհանուր առմամբ չի վստահում կուտակային կենսաթոշակային համակարգին։ Միաժամանակ 5,5 տոկոսը իրենց բացասական դիրքորոշումը հիմնավորել են նրանով, որ փոխանցված միջոցներն ուղարկվելու են արտերկիր։ 3,3 տոկոսը «դեմ» է կենսաթոշակային բարեփոխմանը այն պատճառով, որ բավականին տեղեկատվություն չունեն և չեն հասկանում այդ ամենից, հարցվածների 7,4 տոկոսն այլ հիմնավորումներ են ներկայացրել, իսկ 0,6 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Նրա խոսքերով` բարեփոխման մասին իրազեկված և դրան կողմ հանդես եկող 7 տոկոս հարցվածներից 46,2 տոկոսը հիմնավորել են իրենց դիրքորոշումը պետության բարեկեցիկ ապագայի ապահովման գործում պետության մասնակցությամբ, 44,6 տոկոսը պատասխանել է, որ համակարգի շնորհիվ իրենք հետագայում բարձր կենսաթոշակ կստանան, 23,1 տոկոսը դրական է գնահատում բարեփոխումը, քանի որ կարծում է, որ ընթացիկ կուտակային միջոցները կնպաստեն տնտեսության զարգացման խթանմանը, հարցվածների 4,6 տոկոսը այլ հիմնավորում է ներկայացրել, 4,6 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Միաժամանակ, ինչպես նշել է Դաջունցը, հարցվածների 82,8 տոկոսը տեղյակ է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 21–ին դադարեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթները մինչև 2014 թ.–ի մարտի 28–ը օրենքի ութ հոդվածների սահմանադրականության մասին գործի քննության ավարտը։ Միաժամանակ հարցվածների 17,2 տոկոսը չգիտեր այդ մասին։ Բացի այդ, հարցվածների 59,0 տոկոսը կարծում է, որ օրենքն ուժի մեջ կմնա, 20,1 տոկոսը կարծում է, որ այն կդադարեցվի։ 11,0 տոկոսը հույս ունի, որ այնպիսի որոշում կընդունվի, համաձայն որի` պարտադիր բաղադրիչը չեղյալ կհայտարարվի, 6,7 տոկոսը կարծում է, որ օրենքում համալրումներ են հարկավոր և որ այն կներկայացվի ԱԺ–ին փոփոխություններ և լրացումներ կատարելու համար, 1,9 տոկոսն այլ պատասխաններ է տվել, 21,9 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Հայաստանում Gallup International Association գրասենյակի ղեկավարի խոսքերով` հարցվածներին նաև հարցրել են, թե նրանք, արդյոք, մասնակցու՞մ են օրենքի դեմ կազմակերպվող բողոքի ակցիաներին, հարցվածների 85,7 տոկոսը դրական է պատասխանել, 14,3 տոկոսը` բացասական։

Դաջունցը նաև տեղեկացրել է, որ հարցման արդյունքները, հնարավոր է, կներկայացվեն ՀՀ կառավարությանը, ՍԴ–ին և հասարակական կազմակերպություններին և լայնորեն կլուսաբանվեն տեղական ԶԼՄ–ների կողմից։–0–