Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ԱՄԷ-ի ներդրումային և զարգացման ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի ներդրումային քաղաքականությամբ

10.11.2016, 13:39
Արաբական Միացյալ Էմիրությունները հետաքրքրված են Հայաստանի ներդրումային քաղաքականությամբ ու հստակ ծրագրերով:
ԱՄԷ-ի ներդրումային և զարգացման ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի ներդրումային քաղաքականությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արաբական Միացյալ Էմիրությունները հետաքրքրված են Հայաստանի ներդրումային քաղաքականությամբ ու հստակ ծրագրերով, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը` ամփոփելով ԱՄԷ ներդրումային և զարգացման ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման արդյունքները:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել արաբական աշխարհի և հատկապես ԱՄԷ-ի հետ Հայաստանի ջերմ բարեկամական հարաբերությունների և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին, որը նրանց բնորոշմամբ, ցավոք, դեռևս չի համապատասխանում երկու երկրների առևտրատնտեսական կապերի ներկայիս մակարդակին, որոնք զարգացման շատ մեծ ներուժ ունեն: 

Հաղորդագրության համաձայն, Էմիրությունների ներդրումային և զարգացման ընկերությունների ներկայացուցիչները մեծապես հետաքրքրված են Հայաստանի ներդրումային քաղաքականությամբ ու հստակ ծրագրերով և պատրաստ են այդ առումով քննարկել տարբեր ոլորտներում Հայաստանի առաջնահերթությունները, այցելել Հայաստան և տեղում ուսումնասիրել միջավայրը, առաջ մղել բանակցությունները: 

ՀՀ նախագահի այցը ԱՄԷ և արդյունավետ հանդիպումները երկրի քաղաքական բարձրագույն ղեկավարության հետ, ըստ Էմիրությունների ներդրումային և զարգացման ընկերությունների ներկայացուցիչների, վկայում են երկկողմ քաղաքական կամքի և պատրաստակամության մասին` ակտիվացնելու հայ-էմիրաթական հարաբերությունները նաև առևտրատնտեսական ոլորտում:

Սարգսյանն իր հերթին հանձնարարել է հանդիպմանը ներկա ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ներդրումային ծրագրերով հետաքրքրված ընկերությունների հետ հետագայում շարունակել սերտ փոխգործակցությունը և նրանց ներկայացնել իրենց բիզնես հետաքրքրությունների շրջանակում գտնվող ծրագրերը: 

Նախագահը նշել է, որ հայկական կողմը պատրաստել է ներդրումային ռազմավարական փաթեթներ, որոնք գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում: Սարգսյանը խոստացել է ողջունել և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում Էմիրությունների ներդրողներին, իսկ խոշորածավալ ներդրումների առկայության դեպքում` հատուկ որոշումով առավել արտոնյալ պայմաններ տրամադրել: -0-