Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԱՄՀ–ի գործադիր տնօրեն. Հայաստանի հետ հետագա փոխգործակցության համար ամուր հիմքեր են դրվել

13.05.2016, 19:15
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Մեննո Սնելին։
ԱՄՀ–ի գործադիր տնօրեն. Հայաստանի հետ հետագա փոխգործակցության համար ամուր հիմքեր են դրվել

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Մեննո Սնելին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել գործադիր տնօրեն Մեննո Սնելին՝ Հիմնադրամում պաշտոնավարման անցած հինգ տարիներին Հայաստանի շահերը հավուր պատշաճի ներկայացնելու համար:

Նկատի առնելով, որ Սնելն առաջիկայում ավարտելու է իր գործունեությունը ներկայիս պաշտոնում, հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել նրան հետագա աշխատանքում և հույս հայտնել, որ ԱՄՀ հաջորդ գործադիր տնօրենի հետ ևս կձևավորվի նույնքան արդյունավետ և կառուցողական համագործակցություն:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական քաղաքականության իրականացման գործում ԱՄՀ-ի դերը, ընդգծելով, որ միջազգային ֆինանսական հեղինակավոր այդ կազմակերպության հետ երկարատև փոխգործակցության շնորհիվ Հայաստանում անցած տարիներին զգալի տնտեսական բարեփոխումներ են իրականացվել:

Չնայած բազմաթիվ մարտահրավերներին, արտաքին բացասական ազդակներին, նախագահի խոսքով, Հիմնադրամի հետ համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր է դարձել հասնել որոշակի առաջընթացի, և Հայաստանը շահագրգիռ է շարունակել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը:

Մեննո Սնելը ևս գոհունակությամբ է խոսել Հայաստան-ԱՄՀ գործընկերային հարաբերությունների և համատեղ իրականացված ծրագրերի մասին, նշելով, որ հետագա փոխգործակցության համար ամուր հիմքեր են դրվել:–0–