Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
-1

ԱԶԲ տարածաշրջանային տնօրեն. ԱԶԲ-ն շարունակելու է օժանդակել Հայաստանի զարգացմանը

18.05.2018, 21:07
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրեն Շեյն Ռոզենտալին։
ԱԶԲ տարածաշրջանային տնօրեն. ԱԶԲ-ն շարունակելու է օժանդակել Հայաստանի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրեն Շեյն Ռոզենտալին, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի ներգրավվածությունը Հայաստանի ենթակառուցվածքների և պետական կառավարման համակարգի զարգացման գործում:

«Հույս ունենք, որ մեր հետագա համագործակցության ընթացքում կկարողանանք համատեղ ջանքերով բարձրացնել նաև հանրային վստահության մակարդակը վարկերի ծախսման արդյունավետության վերաբերյալ: Գիտեմ, որ Ասիական զարգացման բանկը թափանցիկ գործելակերպի կողմնակից է, հետևաբար, սա նշանակում է, որ մեր հետագա համագործակցության համար խոչընդոտներ չկան»,- ասել է կառավարության ղեկավարը՝ կարևորելով իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացումը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը հավատարիմ է մնալու այն միջազգային պարտավորություններին, որոնք ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը: Վարչապետը հույս է հայտնել, որ երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները կոգևորեն նաև միջազգային գործընկերներին աջակցություն ցուցաբերել ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարում և այլ հիմնախնդիրների լուծման հարցում: 

Շեյն Ռոզենտալը, շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, նշել է, որ ԱԶԲ-ն շարունակելու է օժանդակել Հայաստանի զարգացմանը:

ԱԶԲ տարածաշրջանային տնօրենը վարչապետին է ներկայացրել ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը ենթակառուցվածքների զարգացման, կառավարման համակարգի բարելավման, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձել են հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին, մենաշնորհների դեմ պայքարին, կառավարության առաջնահերթություններին և այլ հարցերի: –0–