Անշարժ գույքի ավելի քան 78.5 հազար գործարք է կատարվել Հայաստանում 2017 թ.–ի առաջին կիսամյակում

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2017 թ.-ի առաջին կիսամյուկում Հայաստանում անշարժ գույքի հետ կապված 78575 գործարք է կատարվել, ինչը 5,1 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հաղորդվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվության մեջ:
Հաշվետու ժամանակահատվածում անշարժ գույքի հետ կապված առավել մեծ թվով գործարքներ են գրանցվել Երևանում՝ գործարքների ընդհանուր թվի 38,6 տոկոսը, իսկ ամենաքիչը՝ Վայոց Ձորում` 2,8 տոկոս:
Միաժամանակ Կոտայքի մարզում առաջին կիսամյակում գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 11,4 տոկոսը, Արմավիրի մարզում ` 7,2 տոկոսը, Արարատի մարզում` 7 տոկոսը, Գեղարքունիքի մարզում` 6,5 տոկոսը, Լոռիում` 6.2 տոկոսը, Շիրակի մարզում` 5.7 տոկոսը, Արագածոտնի մարզում` 5,3 տոկոսը, Սյունիքի մարզում` 5 տոկոսը, Տավուշի մարզում` 4,3 տոկոսը։
Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն, անշարժ գույքի հետ կապված գործարքների 27,6 տոկոսը բաժին է հասել անշարժ գույքի օտարման գործարքներին, 13,3 տոկոսը կազմել են անշարժ գույքի առաջնային գրանցման գործարքները:
Բացի այդ, Հայաստանում նշված ժամանակահատվածում գրանցված գործարքների ընդհանուր թվի 11,1 տոկոսը բաժին է հասել ժառանգությանը, 13,7 տոկոսը կազմել են գրավի գործարքները, 5,1 տոկոսը՝ անշարժ գույքի վարձակալության գործարքները, 29,2 տոկոսը՝ պետական այլ գրանցումները: –0–