Արցախում արդեն կան ձիթապտղի փոքր այգիներ

Առաջիկայում Արցախում կլինեն ձիթապտղի խոշոր պլանտացիաներ, չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «Արցախպրես» –ին։
«Ձիթապտղի այգիները մեզ կապահովեն ոչ միայն տեղական բարձրակարգ ձիթայուղով, այլև մենք կունենանք ֆինանսական մեծ հոսքերի հնարավորություններ: Պտղաբուծության ամենաեկամտաբեր ճյուղը համարվում է ձիթապտուղը»,–ասել է նախարարը:
Նա նշել է, որ գյուղատնտեսության հայեցակարգում Արցախը պտղաբուծության զարգացման լուրջ ծրագրեր ունի, որտեղ մեծ տեղ է գրավում ձիթապտղի մշակումը: Նա հույս է հայտնել, որ ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ ձիթապտղի այգիները հետագայում կգերազանցեն նռան այգիներին, որոնք խաղողի այգիներից հետո իրենց ծավալով երկրորդ տեղում են:
Մխոյանը նշել է նաև, որ ի տարբերություն խաղողի, նռան այգիների մշակման ուղղությամբ դրական աճ կա, հաշվի առնելով այն, որ խաղողի այգիները տարեցտարի պակասում կամ չեն զարգանում:
«Այսօր արդեն ունենք 1000 հա նռան այգի: Միայն վերջին 2 տարիների ընթացքում մոտ 300-400 հա նռան այգի է հիմնվել: Արցախում նռան այգիների զարգացման ուղղությամբ մենք իրականացվելիք ծրագիր ունենք. առաջիկա 10 տարիների ընթացքում նռան այգիները պետք է հասցնենք 5000 հա-ի»,–ասել է նախարարը:-0-