Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Աշոտ Մանուկյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները

01.12.2017, 20:32
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է ՎԶԵԲ–ի նախագահի տեղակալ Ալան Փիլոուի գլխավորած պատվիրակությանը։
Աշոտ Մանուկյանը  ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի նախագահի տեղակալ Ալան Փիլոուի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են էներգետիկ ոլորտում ընթացիկ և հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

Կարևորելով Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ Աշոտ Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի նաև առաջիկայում։ Անդրադառնալով բանկի հետ հետագա համագործակցությանը, նախարարը ներկայացրել է այն ներդրումային ծրագրերը, որոնցով հետաքրքրված է ՎԶԵԲ-ը։

Նշվել է, որ Հայաստանի համար առաջնայինը էներգետիկայի ոլորտի դիվերսիֆիկացման ապահովումն է։ Քայլեր են արվում մասնավորապես սեփական աղբյուրների հաշվին էլեկտրաէներգիայի արտադրության տեսակարար կշիռը առաջիկա տարիներին մինչև 50 տոկոսի հասցնելու համար։ Նախապատվությունը տրվում է ինչպես ջրային, այնպես էլ արևային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը։

«Այդ առումով շատ կարևոր խնդիր է լուծում «Շնող ՀԷԿ-ի», ինչպես նաև արևային կայանների կառուցումը»,-ասել է Աշոտ Մանուկյանը։

ՎԶԵԲ-ի պատվիրակությանը նախարարը տեղեկացրել է նաև այն քայլերի մասին, որոնք իրականացվում են ջերմային կայանների արդյունավետությունը բարձրացնելու, էներգետիկ ենթակառուցվածքների կառավարման կատարելագործման և տարածաշրջանային համագործակցության ծրագրերի ուղղությամբ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալան Փիլոուին բարձր է գնահատել էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերը.

«Մենք ողջունում ենք այն առաջընթացը, որը Հայաստանն ապահովել է վերականգնվող, մասնավորապես արևային էներգետիկայում»,-ընդգծել է նա։

Ալան Փիլոուին Աշոտ Մանուկյանին է փոխանցել ՎԶԵԲ-ի մտադրությունները՝ այլընտրանքային ֆինանսավորմամբ էներգետիկայի ոլորտի ծրագրերին աջակցելու գործում։–0–