Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

«Աշտարակ կաթ» ընկերությունը դադարեցնում է գործունեությունը

18.11.2016, 16:49
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
«Աշտարակ կաթ» ընկերությունը դադարեցնում է գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն ուրբաթ ընդունել է կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին` «Աշտարակ կաթ» ընկերության գործունեության դադարեցման պատճառով առաջացած խնդիրները քննարկելու նպատակով, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ինչպես տեղյակ եք, «Աշտարակ կաթ» ընկերությունը, որը կաթնամթերքի շուկայում ունի մեծ մասնաբաժին, այսօր հայտնվել է ծանր ֆինանսական վիճակում, ունի գյուղացիական տնտեսություններին կուտակած պարտքեր: Այսօր հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի մթերումների գործընթացը չընդհատվի, և ստեղծված իրավիճակի արդյունքում գյուղացիները չտուժեն», - նշել է փոխնախարարը: 

Ռոբերտ Մակարյանը հավելել է, որ այս խնդիրն ունի շուտափույթ լուծման կարիք, քանի որ այն ժամանակին չկարգավորելու դեպքում հաջորդ տարվա գարնան և ամռան ամիսներին կաթի արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ կարող են առաջանալ մթերման հետ կապված լուրջ խնդիրներ:

Միաժամանակ Ռոբերտ Մակարյանը հորդորել է լրացուցիչ քանակի մթերումներ իրականացնելիս թույլ չտալ գնի նվազեցում: 

Հանդիպման մասնակիցները տեղեկացրել են, որ իրենց ընկերությունները պատրաստ են իրականացնել լրացուցիչ մթերումներ` կաթի ավելցուկից հարկ եղած դեպքում չոր կաթի կամ պանրի արտադրություն կազմակերպելու նպատակով: 

Անդրադառնալով ոլորտում առկա այլ խնդիրներին` ընկերությունների ներկայացուցիչները կարևորել են կաթնամթերքի ներկրումների նկատմամբ պետական վերահսկողության խստացումը, աջակցությունը տեղական արտադրողին, ինչպես նաև տեղական արտադրանքի մրցունակության բարձրացումը: 

Ի պատասխան բարձրացված խնդիրների` փոխնախարարը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում ոչ միայն կաթնամթերքի, այլև այլ գյուղատնտեսական արտադրանքի մասով ներկրումները տեղական արտադրանքով փոխարինելու ուղղությամբ:–0–