Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

ՀՀ կառավարությունը 50 մլն դրամ կնվիրի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին

23.06.2016, 12:04
Այսօր կառավարությունը հարկային արտոնություն է տալու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և նրա եղբորը՝ Սասուն Խաչատրյանին պատկանող «Խաչատրյան եղբայրներ» ընկերությանը։
ՀՀ կառավարությունը 50 մլն դրամ կնվիրի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Այսօր կառավարությունը հարկային արտոնություն է տալու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և նրա եղբորը՝ Սասուն Խաչատրյանին պատկանող «Խաչատրյան եղբայրներ» ընկերությանը, գրում է «Հայկական ժամանակը»։

Թերթի հաղորդմամբ`այս ընկերությունը մարզի Ծղուկ համայնքում պետք է կառուցի փոքր հիդրոէներգոկասկադ և օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը՝ էլեկտրաէներգիա է արտադրելու:

«Կառավարության որոշման նախագծի համաձայն, այս նպատակով Խաչատրյան եղբայրները պետք է 1.9 մլրդ դրամի ներդրում կատարեն, որից մոտ 489 մլն դրամի պետք է Չինաստանից հիդրոգեներատորներ, հիդրոտուրբիններ և այլ սարքավորումներ ձեռք բերեն: Եվ հենց այդ սարքավորումների ներմուծման համար սահմանին գանձվող ավելացված արժեքի հարկի վճարումն էլ կառավարությունը Խաչատրյան եղբայրների համար հետաձգում է 3 տարով», – գրում է թերթը։

Հոդվածի հեղինակները նշում են, որ ԱԱՀ-ն Հայաստանում 20 տոկոս է, այսինքն այս հարկատեսակի մասով գանձվելիք մոտ 100 մլն դրամի կամ 200.000 դոլարի վճարումն է 3 տարով հետաձգվելու:

«Մեկ այլ որոշմամբ կառավարությունն այս սարքավորումների ներկրումն ազատում է մաքսատուրքից: Այսինքն այս դեպքում էլ մոտ 50 մլն դրամ պարզապես նվեր է տալիս Խաչատրյան եղբայրներին, այն դեպքում, որ արդեն բյուջեն լցնելու, աշխատավարձեր ու կենսաթոշակներ վճարելու խնդրի առաջ է կանգնել և այդ նպատակով պարբերաբար վարկեր է վերցնում», – գրում է թերթը։ –0–