Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ վարչապետ. նորանշանակ նախարարներից ակնկալում եմ իրական և համարձակ քայլեր

22.09.2016, 12:09
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ իրական և համարձակ քայլեր է ակնկալում նոր նախարարներից։
ՀՀ վարչապետ. նորանշանակ նախարարներից ակնկալում եմ իրական և համարձակ քայլեր

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ իրական և համարձակ քայլեր է ակնկալում նոր նախարարներից։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 20–ին առաջին նշանակումներն է կատարել ՀՀ կառավարության կազմում։ Ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը, Տրանսպորտի և կապի նախարար` Վահան Մարտիրոսյանը, Գյուղատնտեսության նախարար` Իգնատի Առաքելյանը, իսկ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար` Աշոտ Մանուկյանը։

ՀՀ նախագահի հրամանով` Վաչե Գաբրիելյանը պահպանել է փոխվարչապետի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնները, իսկ Դավիթ Հարությունյանը` կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի պաշտոնը։

Վարչապետը շնորհավորեց նորանշանակ նախարարներին և նշեց, որ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացման կարիք չունի, քանի որ նա բավականին հայտնի է ֆինանսական աշխարհում, լավ գիտի ոլորտի առջև ծառացած խնդիրները։

Ինչ վերաբերում է մնացած նախարարներին, ապա, ՀՀ վարչապետի խոսքով, Առաքելյանը, Մարտիրոսյանն ու Մանուկյանն ընտրվել են հետևյալ չափորոշիչներով. նրանք իրենց ոլորտների կառավարիչներն են, համեստ և պարկեշտ մարդիկ են և կառավարման նոր մշակույթի կրողներն են:

«Ես նրանցից մեծ ակնկալիքներ ունեմ: Առաջիկայում ակնկալում եմ, որ զարգացման նոր ծրագիր կներկայացնեն», – նշեց Կարապետյանը։

Նա նաև ընդգծեց, որ այս պահին քննարկվում է նախարարությունների և գերատեսչությունների գործունեության գնահատման չափորոշիչների ներդրման հնարավորությունը, որտեղ որպես պարտադիր չափորոշիչ հաշվի է առնվելու մեկ գործոն` ներգրավվող ներդրումների ծավալը։ 

«Շնորհավորում եմ և շնորհակալ եմ, որ համաձայնեցիք դառնալ մեր թիմի անդամը: Ակնկալում եմ համարձակ քայլեր։ Դուք՝ լինելով այդ ոլորտից, ունեք ձեր երազած ոլորտը կառուցելու և երկիր փոխելու հնարավորություն», – ասաց Կարապետյանը։ –0–