ՀՀ վարչապետն ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահին
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանին, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետը, ողջունելով հյուրին, նշել է, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են, և անհրաժեշտ է ջանքեր գործադրել հատկապես երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացման ուղղությամբ:
«Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում արտերկրում ապրող մեր հայրենակիցների ձեռքբերումները և շնորհակալություն է հայտնել Կառլոս Մելքոնյանին՝ հայանպաստ ակտիվ գործունեության համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Արգենտինայի Ազգային բանկի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատականի համար՝ նշելով, որ ուրախ է հայրենիք այցելելու և ջերմ ընդունելության արժանանալու համար:
«Կենսունակ ու մեծաթիվ արգենտինահայ համայնքը մեծ հարգանք է վայելում Արգենտինայում և կարևոր դերակատարություն ունի հայ-արգենտինյան հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում», – նշել է Կառլոս Մելքոնյանը։
Զրուցակիցները քննարկել են բանկային և ֆինանսական ոլորտում համագործակցության հեռանկարները: Կառլոս Մելքոնյանը նշել է, որ տպավորված է Հայաստանի տնտեսական կայունության ապահովմանն ուղղված քաղաքականությամբ:
Այս համատեքստում երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումը և փոխադարձ աջակցությունը: Հովիկ Աբրահամյանը և Կառլոս Մելքոնյանը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի տնտեսական զարգացման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, Արցախյան հակամարտության կարգավորման և մի շարք այլ հարցերի շուրջ:–0–