ՀՀ վարչապետը վտանգավոր չի համարում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
Մայրուղային գազատարն ապահովում է ռուսական գազի տարանցումը Հայաստան։
Վրացական ԶԼՄ–ների հաղորդմամբ, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է պետությանը պատկանող «Վրաստանի երկաթուղու», ինչպես նաև «Նավթի և գազի կորպորացիայի» բաժնետոմսերի 25 տոկոսը ֆոնդային բորսայում առաջնային տեղաբաշխման հարցը։
«Եթե ադրբեջանական կողմը ցանկանում է ձեռք բերել բաժնետոմսերի 25 տոկոսը, թող գնի, մեզ համար դրանից որևէ վտանգ չկա, քանի որ առաջին հերթին նրանք չեն ունենա վերահսկիչ փաթեթը, ինչպես նաև չեն հրաժարվի գազատարի գործունեությունից ստացված եկամտից, քանի որ միջոցներ են ներդնում», – ասաց Կարապետյանն ուրբաթ այս տարվա իր առաջին ասուլիսի ժամանակ։
Վարչապետը նշեց նաև, որ վրացական կողմը չի կարողանա դադարեցնել գազի տարանցումը Հայաստան, քանի որ դա վերաբերում է միջազգային իրավունքին, իսկ եթե հանկարծ վթար լինի, ապա Հայաստանում գազ, ամեն դեպքում, կլինի։
«Գազամատակարարման ընդհատումներ վերջին անգամ եղել են 90–ականներին, էլ որքան կարելի է հիշել, մի վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու։ Մենք ունենք այլընտրանքային գազատար, և էներգետիկ անկախության տեսակետից Հայաստանն այսօր զգալիորեն գերազանցում է Եվրոպայի շատ երկրներին, և մեր առջև ծառացած չէ էներգետիկ անվտանգության վտանգը», – ասաց Կարապետյանը։
Նա նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է շարունակել էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները։–0–