Հայաստանի գյուղատնտեսության ոլորտն անհապաղ բարեփոխումների կարիք ունի. Բերբերյան
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի գյուղատնտեսության ոլորտն անհապաղ բարեփոխումների կարիք ունի, քանի որ 2015 թ.–ին չհաջողվեց լուծել գոյություն ունեցող խնդիրները, չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը։
«Ցանկանում եմ նշել, որ այս տարվա ընթացքում այդպես էլ վերջնական լուծում չստացան հակակարկտային կայանների և ոռոգման համակարգում առկա խնդիրները», – ասաց Բերբերյանն` ավելացնելով, որ, հաշվի առնելով այն, որ հակակարկտային սարքավորումներն արդյունավետ չեն, հարկավոր է դրանք փոխարինել հակակարկտային ցանցերով։
Նրա խոսքով` հարկավոր է նաև վերացնել մենաշնորհը երկրի ոռոգման համակարգում։
Այլ խնդիրների թվում Բերբերյանը նշեց Հայաստանում վաղահաս կարտոֆիլ աճեցնելու անհրաժեշտությունը։ «Հատուկ սորտի կարտոֆիլ պետք է մշակել, որը 2 ամսվա մեջ կհասունանա ու կիրացվի այնքան ժամանակ, մինչև շուկայում վաճառքի դուրս կգա ՌԴ Կրասնոդարի շրջանի տնտեսվարողների կողմից առաջարկվող կարտոֆիլը», – նշել է Բերբերյանը։
ԱՎԾ–ի պաշտոնական տվյալներով` գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2015 թ.–ի հունվար–նոյեմբերին կազմել է 931,4 մլրդ դրամ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 11,6 տոկոսով ($1 – 478,97 դրամ)։-0-