Հայաստանի ներքին ապրանքաշրջանառությունը 4 ամսում նվազել է 0,8 տոկոսով` մինչև 601,1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներքին ապրանքաշրջանառությունը 2016 թ.-ի հունվար-ապրիլին կազմել է մոտ 601,1 մլրդ դրամ` նվազելով 0,8 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
Հաղորդագրության համաձայն, նշված ծավալից մանրածախ առևտրի շրջանառությանը բաժին է հասել մոտ 56,8 տոկոս կամ 341,4 մլրդ դրամ։ Միաժամանակ այս տարվա հունվար–ապրիլին մանրածախ առևտրի ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 4,6 տոկոսով։
Միաժամանակ, մեծածախ առևտրի մասնաբաժինը կազմել է հանրապետության ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի 40 տոկոսը կամ մոտ 240,5 մլրդ դրամ (5,7 տոկոսի աճ)։
Վիճակագրական տվյալների համաձայն, մանրածախ առևտրի ընդհանուր ծավալում զգալի մասնաբաժինը (75,7 տոկոս կամ 258,5 մլրդ դրամ) բաժին է հասել խանութներում իրականացված առևտրին։ Սպառողական ապրանքների շուկաների միջոցով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 22,9 մլրդ դրամ կամ մանրածախ առևտրի ընդհանուր ծավալի 6,7 տոկոսը ($1 – 477,99 դրամ)։ –0–