Հայաստանից գինու արտահանումը 2015 թ.–ին կրճատվել է 32%–ով

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանից գինու արտահանումը 2015 թ.–ին կրճատվել է 31,5 տոկոսով` 2 120,7 հազար լիտրից հասնելով 1 451,6 հազար լիտրի, վկայում են ՀՀ մաքսային ծառայության տվյալները։
Ըստ հաղորդագրության` արտահանվող գինու մաքսային գինը 2015 թ.–ին կազմել է 4,1 մլն դոլար` 2014 թ.–ին գրանցված 6,3 մլն դոլարի փոխարեն։
Հայաստանի կողմից արտահանվող գինու մոտ 79 տոկոսը բաժին է հասնում ռուսական շուկային։ Այսպես, Ռուսաստան հայկական գինու մատակարարումը 2015 թ.–ին կազմել է 1 150,6 հազար լիտր (2,9 մլն դոլար)` 2014 թ.–ին գրանցված 1 713,8 հազար լիտրի համեմատ (4,4 մլն դոլար)։
ԱՎԾ–ի տվյալներով` նախորդ տարվա ընթացքում գինու արտադրությունը նվազել է 4 տոկոսով` հասնելով 5 931,9 հազար լիտրի։
Միաժամանակ 80 տոկոսից ցածր թնդության էթիլային սպիրտի, սպիրտային թուրմի, լիկյորի և սպիրտային այլ ըմպելիքների արտահանման ծավալը 2015 թ.–ին կազմել է 11,9 մլն լիտր (մաքսային գինը` 105,8 մլն դոլար)` 2014 թ.–ին գրանցված 13 մլն լիտրի դիմաց (մաքսային գինը` 164,9 մլն դոլար)։
Միաժամանակ 80 տոկոսից ցածր թնդության էթիլային սպիրտի արտահանման 76,4 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին։ Մասնավորապես, 2015 թ.–ին Ռուսաստան է արտահանվել 79,9 մլն դոլարի 9,1 մլն լիտր` 2014 թ.–ին արտահանված 132,3 մլն դոլարի 10,4 մլն լիտրի համեմատ։
Հայաստանում արտադրված կոնյակի ծավալը 2015 թ.–ին կրճատվել է 9,4 տոկոսով` կազմելով 16 947,6 հազար լիտր։ Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 658,1 հազար լիտր շամպայն` 2014 թ.–ին արտադրված 634,4 հազար լիտրի համեմատ։
Նախորդ տարի Հայաստանում 19,3 տոկոսով կրճատվել է նաև գարեջրի արտահանումը` 1 987,8 հազար լիտրից (1,6 մլն դոլար) հասնելով 1 602,8 հազար լիտրի (1,2 մլն դոլար)։ Գարեջրի արտադրությունը 2015 թ.–ին կրճատվել է 12,8 տոկոսով` հասնելով 20 686,5 հազար լիտրի։
ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանից իրականացրած արտահանման համախառն ծավալը 2015 թ.–ին կազմել է մոտ 1 486,9 մլն դոլար` կրճատվելով 3,9 տոկոսով։ –0–