Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+6

Հայաստանն առայժմ պատրաստ չէ Ռուսաստանում լրացնել թուրքական արտադրանքի տեղը. Թերթ

03.12.2015, 14:14
Հայաստանն առայժմ պատրաստ չէ լրացնել բացը, որն առաջացել է ռուսական  շուկայում թուրքական ապրանքների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով։
Հայաստանն առայժմ պատրաստ չէ Ռուսաստանում լրացնել թուրքական արտադրանքի տեղը. Թերթ

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն առայժմ պատրաստ չէ լրացնել բացը, որն առաջացել է ռուսական  շուկայում թուրքական ապրանքների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով, ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցում։

Ինչպես գրում է թերթը, թուրքական սննդամթերքի նկատմամբ Ռուսաստանի նախատեսած արգելքը հայ արտադրողների համար նոր հնարավորություններ է ստեղծում։ Այդ կապակցությամբ օրերս անգամ վարչապետն է արտահանման խթանման վերաբերյալ խորհրդակցություն անցկացրել` պետական գերատեսչությունների, գործարար աշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ և հորդորել հայ գործարարներին բաց չթողնել ստեղծված իրավիճակում առաջացող հնարավորությունները` դեպի ռուսաստանյան շուկա արտադրանքի արտահանման ծավալներն ավելացնելու համար։

Մակարյանի խոսքով` այս տարի, համենայն դեպս, արտահանվող մթերքների ծավալների ավելացման մասին խոսելն ուշ է, քանի որ ավարտվել է այս կամ այն արտադրանքի ստացման համար անհրաժեշտ բաղադրիչների (կաթ, գյուղատնտեսական ապրանքներ) մթերումը։

«Արտադրող գործարանները նախատեսվածից ավելի մեծ ծավալով արտադրանք չենք կարող ունենալ, գյուղատնտեսական ապրանքներն էլ անհրաժեշտ քանակությամբ իրացվել են դրսի շուկաներում, եղածն էլ հազիվ ներքին սպառումն ապահովի», – նշում է Մակարյանը։

Նրա խոսքով` միայն այն արտադրողների հաշվին հնարավոր կլինի արտահանման ծավալներն ավելացնել, որոնք ռուբլու արժեզրկման պատճառով իրենց ապրանքը չեն կարողացել իրացնել Ռուսաստանի շուկայում և դրանք կուտակել են պահեստներում։ «Սակայն դա էլ քիչ ազդեցություն կունենա արտահանման ծավալների ավելացման վրա։ Իմ կանխատեսմամբ` ընդամենը 20 տոկոսով հնարավոր կլինի մեծացնել արտահանումը», – նշել է Մակարյանը։–0–