Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում բենզինը թանկանում է, սակայն աշխարհում գրանցվող տեմպերից ավելի պակաս

06.07.2016, 16:05
Հայաստանում բենզինի գներն ավելանում են ավելի դանդաղ տեմպերով, քան միջազգային շուկայում, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։
Հայաստանում բենզինը թանկանում է, սակայն աշխարհում գրանցվող տեմպերից ավելի պակաս

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բենզինի գներն ավելանում են ավելի դանդաղ տեմպերով, քան միջազգային շուկայում, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

Նա նշեց, որ, ԱՎԾ–ի տվյալներով, բենզինի գները հանրապետությունում մայիսին, ապրիլի համեմատ, ավելացել են ընդամենը 0,5 տոկոսով, իսկ դիզելային վառելիքի գները նվազել են 2,9 տոկոսով։

«Այս առումով կարևոր է պարզել, թե որքանով են Հայաստանում նավթամթերքի գների փոփոխության միտումները համադրելի են միջազգային դինամիկայի հետ: Բենզինի և նավթի գների նվազման դինամիկան համադրելիս, ես կողմ եմ դրանք նաև համաչափության և շարունակականության տեսանկյունից դիտարկել, քանի որ տեղ են գտնում որոշակի խզումներ», – նշեց Մանասերյանը։
Նա նաև պարզաբանեց, որ տարածաշրջանի որոշ երկրներում, մասնավորապես` Վրաստանում, բենզինի գները ձևավորվում են այլ գործոնների հաշվին, ինչը թուլ է տալիս ստանալ ավելի բարձր շահույթ, քան Հայաստանում։

Նա հիշեցրեց, որ Վրաստանը հիմա նավթամթերքներ է ներմուծում Թուրքմենստանից և Ադրբեջանից, իսկ հիմա մտադիր է ներմուծել նաև Իրանից: «Արդեն այսօր Վրաստանն այդ գործոնն օգտագործում է Ադրբեջանի և Թուրքմենստանի վրա ճնշում բանեցնելու համար` ասելով, որ Իրանից նավթամթերքը շատ ավելի էժան կարող է ձեռք բերել», – ասաց Մանասերյանը։

Նրա խոսքով` երկրորդ խնդիրը տրանսպորտային ծախսերն են, որոնք Հայաստանի դեպքում անհամադրելի են Վրաստանի հետ: Մյուսը հարկային քաղաքականությունն է: Հայաստանում պետական բյուջեի մուտքերն ապահովելու նպատակով դեռ 90-ական թվականներից ԱԱՀ-ն և հատկապես ակցիզային հարկի դրույքաչափերն աստիճանաբար բարձրացվել են:

Փորձագետի կարծիքով` գնագոյացման վրա ազդող մեկ այլ կարևոր գործոններից են տրանսպորտային ծախսերը, որոնք Հայաստանի պարագայում համադրելի չեն վրացականի հետ։ «Նման պայմաններում Հայաստանում նույն ապրանքների գները, Վրաստանի համեմատ, տատանվում են 6–8 տոկոսի սահմանում, սակայն ծախսերի տրանսպորտային բաղկացուցիչը չեզոքացնում է անգամ այդ տարբերությունը», – նշեց նա։

Մանասերյանը նաև նշեց, որ այս ամենում շատ ավելի կարևորում է Վրաստանի երկաթուղիներով Հայաստան տեղափոխվող բեռների փոխադրավարձի հարցը: Ադրբեջան տեղափոխվող բեռների տեղափոխման շատ ավելի ցածր վճար է գանձվում, քան հայկական բեռների համար։ Նա նաև հայտնեց, որ նման թանկ վճարների գանձումը հակասում է ոչ միայն երկկողմ տնտեսական հարաբերութուններին, այլ նաև միջազգային փաստաթղթերին, մասնավորապես` ԱՀԿ սկզբունքներին։ Մանասերյանը հայտարարեց, որ սրա մասին պետք է բարձրաձայնեն ոչ միայն և ոչ այնքնան տնտեսվարողները, որքան Հայաստանի իշխանությունն` ի դեմս տրանսպորտի, էկոնոմիկայի և նաև արտաքին գործերի նախարարությունների

Նրա խոսքով` այս ամենով հանդերձ, Հայաստանում բենզինի գներն ընդամենը չորս ցենտով են ավելի Վրաստանում վաճառվող նույն որակի և տեսակի բենզինի գներից:

«Հատկանշական է, որ համաշխարհային շուկայում վերջին ամիսներին գրանցվող նավթամթերքի գների աճի պայմաններում կարելի է արձանագրել, որ Հայաստանում շատ ավելի դանդաղ են բարձրանում բենզինի գները», – ասաց Մանասերյանը։

Փորձագետը հետաքրքրական համարեց նաև այն փաստը, որ համաձայն ՀՀ ԱՎԾ տվյալների` 2016թ. մայիսին, 2015թ. մայիսի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գներն ընդհանուր առմամբ, նվազել են համապատասխանաբար 11.6% և 16.8%-ով, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ` 11.0% և 17.6%-ով:

«Աշխարհի մի շարք երկրների համեմատ (Հոլանդիա, Իսպանիա, Իտալիա, Իսրայել, Դանիա և այլ երկրներ)` Հայաստանում վաճառվող բենզինի գները գրեթե կրկնակի անգամ ավելի էժան են: Մեկ լիտրի համար Հայաստանում վճարվող գինը (0.86 ԱՄՆ դոլար) զգալիորեն ցածր է անգամ համաշխարհային շուկայում վաճառվող բենզինի գնից (1.01 ԱՄՆ դոլար)», – ասաց Մանասերյանը։

Նա ավելացրեց, որ նավթամթերքի գները կարևոր ազդեցություն ունեն տնտեսության վրա, սակայն միայն բենզինի գներով, անգամ ամբողջ երկրով մեկ` բոլոր ճյուղերում նկատվող սպառողական գների համեմատաբար անկման պայմաններում և դրանցով պայմանավորված, չի կարելի ակնկալել տնտեսության համարժեք աճի տեմպեր:

Մանասերյանն ընդգծեց, որ դրանք միայն տնտեսական աճին նպաստող գործոններ են:

«Իրականում մեր մտահոգությունը պետք է լինի նախ, վերամշակող ճյուղերի զարգացումը և երկրորդ, առանձին ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև ճյուղերի և ողջ ազգային տնտեսության մրցունակության մակարդակի բարձրացումը», – նշեց նա։ –0–