Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում դեմպինգային ապրանքատեսակի քողարկման փորձ է կանխվել

09.02.2017, 13:25
Մաքսային հսկողության վարչությունները մաքսային կանոնների խախտման խոշոր դեպք են բացահայտել:
Հայաստանում դեմպինգային ապրանքատեսակի քողարկման փորձ է կանխվել

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՊԵԿ նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները մաքսային կանոնների խախտման խոշոր դեպք են բացահայտել:

Ինչպես հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, փետրվարի 1-ին Մեղրիի մաքսակետով «Կուպելյան եղբայրներ» ՍՊԸ-ն փորձել է Հայաստան ներմուծել ավելի քան 13 տոննա տարբեր տեսակի առանցքակալ, որոնց ուղեկցող փաստաթղթերում որպես արտահանող երկիր նշված է եղել Արաբական Միացյալ Էմիրությունները:

«Այս փաստը հենց սահմանին կասկածի տեղիք է տվել, քանի որ ԱԷՄ-ում նմանատիպ առանցքակալների արտադրություն գոյություն չունի, և համապատասխան զննության արդյունքում պարզվել է, որ բեռի ծագման երկիրը Չինաստանն է, իսկ չինական առանցքակալները հանդիսանում են դեմպինգային ապրանքատեսակ»,- փաստել է ավագ մաքսային տեսուչ Սամվել Հովեսյանը:

Գերատեսչությունից հայտնում են նաև, որ ԵՏՄ անդամ երկրներ չինական ծագման առանցքակալներ ներմուծելիս կիրառվում են հակադեմպինգային միջոցառումներ, որոնք կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի թիվ 197 որոշմամբ, այսինքն` այս դեպքում մաքսային վճարներին ավելանում է նաև մաքսային արժեքի 41,5%-ը:

Բացի այդ, զննության արդյունքում հայտնաբերվել է նաև, որ առանցքակալների շուրջ 60%-ը հայտարարագրվել է սխալ ծածկագրով, ինչն էլ մաքսատուրքի թերի գանձում է առաջացրել: -0-