Հայաստանում գնաճի նոր ալիք է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ-ում 2018 թ.–ից այլևս չեն գործի Հայաստանի համար մի շարք ապրանքատեսակների համար սահմանված մաքսային արտոնությունները, գրում է «Ժողովուրդը»։
Այսինքն՝ հաջորդ տարվանից երրորդ երկրներից ներկրված շուրջ 759 անուն ապրանք կմաքսազերծվի ԵՏՄ-ում գործող միասնական դրույքաչափերով:
«Սա նշանակում է, որ Հայաստանում սպասվում է գնաճի նոր ալիք, ընդ որում՝ թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, սուրճ, միս, կակաո և այլն», – նշում են հոդվածի հեղինակները։
«Ժողովուրդ» օրաթերթին նաև հայտնի է դարձել, որ իշխանությունները հոգացել են, որպեսզի սպասվող հետևանքներն իրենց միանգամից զգացնել չտան։
«Մաքսատուրքերի՝ ԵՏՄ ընդհանուր դրույքաչափերին համապատասխանեցման գործընթացը սկսել է իրականացվել մաս-մաս՝ այս տարիների ընթացքում: Բայց վերջնարդյունքում կարող ենք արձանագրել, որ թանկացումներ եղել են ու լինելու են, պարզապես այնպես է արվել, որ մարդիկ այդ ամենն իրենց մաշկի վրա միանգամից չզգան ու չհակազդեն։ Իսկ եթե բնակիչները չեն ցանկանում թանկ վճարել, ստիպված են գնելու ԵՏՄ անդամ երկրներում արտադրված իրերը, որոնք շատ դեպքերում որակապես զիջում են եվրոպական արտադրանքին։ Ճիշտ և ճիշտ խորհրդային տարիների նման»», – գրում է թերթը։ –0–