Հայաստանում գրանցված ցրտահարությունները վնասել են ծիրանենու այգիներին

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանրապետության ծիրանենու այգիներում իրականացրել է օպերատիվ ուսումնասիրություններ և նախնական դիտարկումների արդյունքում արձանագրել նախորդ գիշեր գրանցված ցրտահարության հետևանքները։
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ` Արարատի տարածաշրջանում նկատելի վնասներ չեն դիտվել, որոշ համայնքներում առկա է թույլ կամ մասնակի վնասվածություն։
Արտաշատի տարածաշրջանում առկա է մասնակի վնասվածություն, առանձին համայնքներում` ուժեղ վնասվածություն, իսկ Մասիսի տարածաշրջանում վնասվածությունը մասնակի է, «Զվարթնոց» օդանավակայանին հարակից համայնքներում՝ (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում) արձանագրվել է ուժեղ վնասվածություն:
Էջմիածնի տարածաշրջանում առկա է ուժեղ վնասվածություն (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում), Արմավիրի մարզում ևս վնասն ուժեղ է։
Բաղրամյանի տարածաշրջանի ներքին հատվածներում նախարարությունն արձանագրել է ծիրանենու այգիների ուժեղ վնասվածություն։ Եղեգնաձորի տարածաշրջանի Արենի գյուղում վնասվածությունն ուժեղ է, Ռինդում` մասնակի, մնացած համայնքներում՝ թույլ վնասվածություն: Վայքի տարածաշրջանում հիմնականում վնասներ չեն գրանցվել:
Մեղրու տարածաշրջանում գրանցվել են դրական ջերմաստիճաններ, վնասներ չկան:
Տավուշի մարզում ևս էական վնասներ չեն արձանագրվել:
Նախարարությունը նաև հայտնում է, որ ցրտահարության հետևանքով ծիրանենու այգիների վնասվածության և բերքի կորուստների վերաբերյալ ամբողջական և առավել ճշգրիտ տեղեկություններ հնարավոր կլինի ստանալ մեկշաբաթյա ժամկետում:–0–