Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հայաստանում մեկնարկում է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագիրը

16.03.2017, 18:39
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին:
Հայաստանում մեկնարկում է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ /. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հավանություն է տվել գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին:

Ինչպես նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ծրագրի ընդհանուր արժեքը 2017թ.-ին կազմում է մոտ 2,2 մլրդ ՀՀ դրամ: Ծրագիրը նախատեսում է 2 տոկոս տոկոսադրույքով գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու վարկեր:

«Ծրագիրը թույլ կտա գյուղացիներին գյուղատնտեսական տեխնիկա գնել արտոնյալ տոկոսադրույքով: Մասնավորապես, լիզինգը կտրամադրվի տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով, որոնցից 7 տոկոսը կսուբսիդավորի պետությունը` պարարտանյութերի տրամադրման ծրագրի միջոցով տնտեսված միջոցներով», - ասել է Առաքելյանը:

Նրա խոսքով, ծրագրի հաջող իրականացման դեպքում ակնկալվում է ֆինանսավորման մեծացում:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ գյուղտեխնիկայի ապահովման հարցը կարևորագույն խնդիրներից է և ընդգծել է, որ այն թույլ կտա գյուղացիներին արտոնյալ պայմաններով գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերել:

«Մենք պետք է հստակ իմանանք և հասկանանք, որ եթե մենք գյուղատնտեսության մեջ տեխնոլոգիաների, գյուղմեխանիզացիայի և այլ խնդիրները չլուծենք, ապա ոլորտում ռեալ դրական արդյունքներ չենք ունենալու», - ընդգծել է Կարապետյանը: -0-