Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը մարտին ավելացել է` հասնելով 186 հազար դրամի. ԱՎԾ կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./ԱՌԿԱ/. Նախնական կանխատեսումներով` միջին ամսական անվանական աշխատավարձը 2016թ.–ի մարտին կազմել է 186 044 դրամ (383 դոլար կամ 26 807 ռուբլի), ինչը 2,6 տոկոսով ավել է այս տարվա փետրվարի ցուցանիշից, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։
Միաժամանակ 2016թ.–ի փետրվարին միջին ամսական անվանական աշխատավարձը երկրում կազմել է 181 415 դրամ, ինչը գրեթե 4,5 տոկոսով ավել է 2015թ.–ի փետրվարի ցուցանիշից:
Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2016թ.–ի փետրվարին գրանցվել է Սյունիքի մարզում` մոտ 219,6 հազ. դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 128,3 հազ. դրամ։ Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը փետրվարին կազմել է մոտ 196 հազ. դրամ։
Միաժամանակ փետրվարին ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում` մոտ 373,6 հազ. դրամ, տեղեկատվության և կապի ոլորտում` 366,3 հազ. դրամ և լեռնահանքային արդյունաբերության ոլորտում` 342,6 հազ. դրամ։
Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտը, որտեղ աշխատավարձը կազմել է մոտ 113,4 հազ. դրամ, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտը` մոտ 117,1 հազար դրամ, բնակության և հանրային սննդի ոլորտը` 118,7 հազար դրամ, կրթության ոլորտը` մոտ 119,8 հազար դրամ ($1 – 478,56 դրամ)։ -0-