Հայաստանում պարենային ապրանքների գները սեպտեմբերին նվազել են 0,3 %–ով
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պարենային ապրանքների գները 2016 թ.–ի սեպտեմբերին, նույն տարվա օգոստոսի համեմատ, նվազել են 0,3 տոկոսով, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Պարենային ապրանքների գների անկումը պայմանավորված է հիմնականում բանջարեղենի և կարտոֆիլի գների նվազմամբ։ ԱՎԾ-ի տվյալներով, բանջարեղենի և կարտոֆիլի գներն այս տարվա սեպտեմբերին, 2015 թ.-ի համարժեք ժամանակահատվածի համեմատ, նվազել են 19 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 4,8 տոկոսով։
Ընդ որում կաթնամթերքի գները հաշվետու ժամանակահատվածում նվազել են 4,3 տոկոսով, իսկ մեկ ամսում` 0,5 տոկոսով:
2016 թ.-ի սեպտեմբերին մսամթերքը հաշվետու ժամանակահատվածում էժանացել է 4,1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 0,2 տոկոսով։
Միաժամանակ Հայաստանում մրգի գինն այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, թանկացել է 2 տոկոսով, իսկ 2016 թ.–ի օգոստոսի համեմատ` 1 տոկոսով։
Ձվի միջին գինը սեպտեմբերին, 2015 թ.–ի համարժեք ժամանակահատվածի համեմատ, աճել է 15,5 տոկոսով, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ` 1 տոկոսով։
Սեպտեմբերին շաքարավազի գինը, ինչպես նախորդ տարվա համարժեք ժամանակահատվածի համեմատ, այնպես էլ նախորդ ամսվա համեմատ աճել է համապատասխանաբար 9,8 և 0,4 տոկոսով:
2016 թ.-ի օգոստոսի համեմատ սեպտեմբերին գրանցվել է ձկնեղենի գնի աճ 0,3 տոկոսով, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գնի աճ` 0,4 տոկոսով:
ԱՎԾ-ի համաձայն, Հայաստանում սպառողական գները 2016 թ.–ի սեպտեմբերին, 2015 թ.-ի սեպտեմբեր ամսվա համեմատ, նվազել են 1,9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ աճել են 0,1 տոկոսով: Պետյբուջեի համաձայն` Հայաստանում գնաճը 2016 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), ՀՆԱ–ի աճը` 2,2 տոկոսի սահմանում։ –0–