Հայաստանը 7 տոկոսից ավելի տնտեսական աճ կունենա. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 7 տոկոսից ավելի տնտեսական աճ կունենա, ասյ մասին Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելության ժամանակ ասել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2019 թվականին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշներով եթե ոչ առաջին տասնյակի, ապա առաջին 15 երկրների մեջ կլինենք աշխարհի մակարդակով:Սա թիվ մեկ ցուցանիշն է մեր տարածաշրջանում, ընդ որում տարածաշրջան ասելով նկատի ունեմ ոչ միայն Հարավային Կովկասը, այլև ավելի լայն տարածաշրջանը: Սա թիվ մեկ ցուցանիշն է Եվրասիական տնտեսական միությունում՝ ակնհայտ առավելությամբ, և սա թիվ մեկ ցուցանիշն է ԱՊՀ-ում»,- ասել է Վարչապետը:
Նա նշել է, որ Հայաստանը, մեծ հավանականությամբ, տնտեսական աճի ցուցանիշներով առաջիններից մեկը կլինի Եվրոպայում:
« Այս ամենն ասում եմ՝ ձեզ բոլորիդ շնորհակալություն հայտնելու այս արդյունքներն արձանագրելու համար, որովհետև սովորաբար տնտեսական աճի լավ ցուցանիշներով պարծենում են կառավարությունները, բայց ճշմարտությունը մեկն է, որ այդ ցուցանիշները ստեղծում են, կերտում են գործարար համայնքի ներկայացուցիչները: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ»,-ասել է Վարչապետը:-0-