Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանը և ՎԶԵԲ-ը ստեղծում են Բաժնեմասնակցային ֆոնդ

21.03.2017, 19:48
Հայաստանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ստեղծում են մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդ:
Հայաստանը և ՎԶԵԲ-ը ստեղծում են Բաժնեմասնակցային ֆոնդ

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ստեղծում են մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդ: Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, երեքշաբթի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և ՎԶԵԲ փոխնախագահ Բետսի Նելսոնը ֆոնդի գործունեությանը վերաբերող հարցեր:

Ֆոնդի կառավարչի ընտրության համար հայտարարված նախնական մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել «Ամբեր Կապիտալ» ընկերությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ֆոնդի կողմից ֆինանսավորվելիք առաջնային ներդրումային ծրագրերի ուղղություններն և դրանց ժամանակացույցը:

Նելսոնը նշեց, որ ֆոնդի աշխատանքների համար պետք են ծրագրեր՝ միտված հանրային կառավարման զարգացմանը, փոքր և միջին բիզնեսի խթանմանը, ՓՄՁ ներկայացուցիչների համար ուսումնական ծրագրերի կազմակերպմանը՝ կորպորատիվ կառավարման թափանցիկության բարձրացման, ինչպես նաև ֆինանսների և բրենդների կառավարման ու այլ ուղղություններով: 

«Ծրագրերի իրականացմամբ մեր նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի փոքր և միջին բիզնեսում, ցույց տալ, որ Հայաստանում հնարավոր է կյանքի կոչել արդյունավետ ներդրումային ծրագրեր»,- ասել է Բետսի Նելսոնը:

ՀՀ վարչապետն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, կարևորել ֆոնդի գործունեությունը շուտափույթ ծավալելու անհրաժեշտությունը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը վճռական է իրականացնելու բարեփոխումներ բոլոր ոլորտներում: 

«Վստահ եմ, որ մեզ ոչինչ չի պակասում, որպեսզի կառուցենք բարվոք պետություն: Կարևորում ենք նման ֆոնդի ստեղծումը, որը բացի տնտեսական արդյունք ապահովելուց՝ կնպաստի մեր երկրում կորպորատիվ կառավարման նոր մշակույթի ներդրմանը, ՓՄՁ-ների գործունեության բարելավմանը»,- ասել է վարչապետը և կարևորել ՓՄՁ-ների համար արդյունավետությունը և արտադրողականությունը բարձրացնող կրթական ծրագրերի կազմակերպումը:

Կարապետյանը նաև նշել է, որ գործարար միջավայրի բարելավման, նոր մշակույթի, նորագույն տեխնոլոգիաների կիրառման համար էական է լինելու ֆոնդի և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջև համագործակցությունը: -0-