Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայաստանը մտադիր է ծովախեցգետին արտադրել ԵՏՄ արտահանելու հեռանկարով

27.11.2015, 17:15
Հայաստանն ու Իրանը քննարկում են Հայաստանում ծովախեցգետնի արտադրություն հիմնելու հնարավորությունը։
Հայաստանը մտադիր է ծովախեցգետին արտադրել ԵՏՄ արտահանելու հեռանկարով

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ու Իրանը քննարկում են Հայաստանում ծովախեցգետնի արտադրություն հիմնելու հնարավորությունը, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը` ներկայացնելով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և ՀՀ-ում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հանդիպման մանրամասները։

 «Նախատեսվում է հետագայում արտահանել ծովախեցգետինը ԵՏՄ երկրներ, որտեղ այս մթերքն ունի մեծ պահանջարկ», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

 Կարապետյանն ընդգծել է, որ գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի և Իրանի միջև դեռևս առկա է չօգտագործված ներուժ` փոխգործակցության հեռանկարային ճյուղերի թվում, նախարարը, մասնավորապես, մատնանշել է անասնապահությունը` հատկապես ոչխարաբուծությունը և թռչնաբուծությունը, համատեղ ջերմոցային տնտեսությունների հիմնման հնարավորությունը, ինչպես նաև կարևորել է ոռոգման ոլորտում կաթիլային համակարգի ներդրման և հակակարկտային ցանցերի արտադրության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումը:

Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր հերթին, նշել է, որ Իրանը կարող է արդյունավետ համագործակցել Հայաստանի հետ նաև սերմարտադրության և ծաղկի արտադրության, ինչպես նաև ծառերի սորտերի բարելավման ոլորտներում: 

Կարապետյանն առաջարկել է Հայաստանում և Իրանում կազմակերպել գյուղատնտեսական ոլորտի բիզնես-համաժողովներ, որոնք հնարավորություն կընձեռեն հայ և իրանցի գործարարներին ծանոթանալ երկու երկրներում արտադրվող պարենային արտադրանքին և լրացուցիչ խթան կհանդիսանան երկկողմ կապերի աշխուժացման համար:

ՀՀ ԱՎԾ տվյալներով` հայ–իրանական ապրանքաշրջանառությունը 2015 թ.–ի 9 ամսում կազմել է 202,8 մլն դոլար, ինչը 1,4 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ –0–